Մատչելի հղումներ

Կոնգրեսն ու սոցցանցերը որոնում են օտար միջամտությունը կանխելու ուղիներ


Ֆեյսբուքի, Գուգլի ու Թվիթերի ղեկավարները խոստացան գտնել ուղիներ կանխելու համար սոցիալական ցանցերում օտար երկների միջամտությունը: Նրանք այժմ այդ ուղղությամբ աշխատելու են ԱՄՆ-ի Կոնգրեսի հետ:

ԱՄՆ-ի կոնգրեսականները նեղսրտում են երկրի օրենքներում առկա թերությունների համար: Ինչպես դեմոկրատ կոնգրեսական Թերրի Սուելն է ասում, պարզապես զավեշտական է, որ օտար հաստատությունները կարող են այստեղ գնել քաղաքական գովազդներ ու վճարել ռուբլով:

Բարձր տեխնոլոգիական ընկերություններով հայտնի Սիլիկոնի հովիտը ներկայացնող կոնգրեսական Աննա Էշյուն ասում է, որ ամենալավն այստեղ են հասկանում փոփոխություններ իրականացնելու կարեւորությունն ու ձեւերը:
Կոնգրեսականը կոչ է անում ավելի մեծ թափանցիկության պայմաններ քաղաքական գովազդների համար:
‘’Քաղաքացիներն իրենց եզրակացություններն են անում, երբ իմանում են, թե ով է վճարել ինչ որ մի բանի համար: Իհարկե շատերը կարող է դիտեն կամ կարդան գովազդները, սակայն գոնե կիմանա, թե ով է դրա պատվիրատուն: Ու կիմանան, թե ով ինչ է ասում, եւ թե ով ինչ է ուզում’’:

Հենց այս մասին է խոսում Կոնգրեսում ընդունված Արդար գովազդների գործառույթ անվանումը կրող օրինագիծը:
Սենատոր Էմի Քլոբուքարի խոսքերով, ամերիկացիները պետք է իմանան, թե ով է գնում առցանց գովազդները:

‘’Ու եթե նույնիսկ ռուսական միջամտությունը տեղի ունեցած չլիներ, մենք պետք է փոխեինք մեր օրենքները: Մեր օրենքները պիտի լինեն այնքան խորիմաստ, որքան խորամանկ են մեզ հմտորեն բանեցնել ցանկացողները’’:

Սակայն սոցիալական ցանցերի ղեկավարներից եւ ոչ մեկը չի պաշտպանում այդ օրինագիծը: Փոխարենը նրանք ասում են, թե իրենք կապահովեն համապատասխան վերահսկողություն իրենց ցանցերում:
Ջորջթաունի համալսարանից Մարք Ջեքոբսոնի խոսքերով, ‘’Առավել մեծ խնդիր է այն, որ ռուսներն ու այլոք, առանց իրենց ինքնությունը բացահայտելու, ստեղծում են հատուկ էջեր’ ապատեղեկատվություն ու ստահոդ լուրեր տարածելու համար’’:


Կոնգրեսական Աննա Էշյուն նախազգուշացնում է, որ քանի դեռ քննարկումներն այստեղ շարունակվում են, ընտրություններին օտարների միջամտության վտանգը չի մարել:
‘’Մինչեւ Կոնգրեսն ու սոցիալական ցանցերի ղեկավարները կգան համաձայնության, մենք պետք է հասկացնենք նրանց, որ նման արարքներն առանց հետեւանքների չեն մնալու’’:

Խիստ ուղերձ այն մասին, որ Ամերիկայի ժողովրդավարության հիմքերն ամուր են:

Facebook Forum

XS
SM
MD
LG