Մատչելի հղումներ

Ձիթապտղի ճյուղ՝ Մադրիդից Բարսելոն. Արդյո՞ք կտրվի հանրաքվեի իրավունք


Իսպանիան կարող է փոփոխել իր սահմանադրությունն այնպես, որ նրա կազմի մեջ մտնող տարածքներն ունենան անկախության հանրաքվե անցկացնելու իրավունք։ Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարը։ Հայտարարություն, որն արժանանում է իրարամերժ վերաբերմունքի։

Իսպանիայի կազմի մեջ մտնող Կատալոնիայում հոկտեմբերի 1-ին անցկացված անկախության հանրաքվեից, քվեարկության օրը գրանցված բռնություններից, մարզի ղեկավարների ձերբակալություններից մեկ ամիս անց Իսպանիայի արտգործնախարար Ալֆոնզո Դասթինզը հանկարծ հայտարարում է, որ ծրագրվում է երկրի սահմանադրության մեջ իրականացնել փոփոխություններ, որոնք թույլ կտան մարզերին անցկացնել անկախության հանրաքվեներ։

Սակայն ո՞վ կարող էր սպասել, որ Կատալոնիայի անկախական ձգտումներ ունեցող ղեկավարներին ձերբակալած ու մյուսների նկատմամբ ձերբակալման հրահանգ արձակած Մադրիդը կարող էր այսքան շուտ հաշտվել անկախության իրավունք տալու մտքի հետ։

Իսկ ո՞վ ասաց, որ Մադրիդը հաշտվել է, ասում են փորձագետները՝ հիշեցնելով ու շեշտելով արտգործնախարարի հետեւյալ խոսքերը, որ սահմանադրության մեջ անկախության հանրաքվեների մասին կետ ավելացնելու հարցը պիտի որոշի ոչ թե Կատալոնիան, այլ ամբողջ Իսպանիայի ժողովուրդը։ Իսկ կարելի՞ է արդյոք հավատալ, որ ամբողջ Իսպանիայի ժողովուրդը կհամաձայնի, որ սահմանադրությունը ենթարկվի նման փոփոխության։ Սա հրապարակային հարց է, որի պատասխանը գրեթե լիովին պարզ է՝ ոչ։ Հիշեցնենք, որ ամբողջ Իսպանիայի բնակչությունը 47 միլիոն է, Կատալոնիայինը՝ միայն 7։

Ինչպես վերլուծաբաններն են ասում, սա պարզապես ձիթապտղի ճյուղ է՝ նետված Մադրիդից դեպի Բարսելոն, այսինքն՝ հաշտություն սկսելու ինչ որ կոչ, սակայն՝ ոչ անկախության իրավունքը ճանաչելու պատրաստակամություն։ Ձիթապտղի ճյուղ այն պահին, երբ Կատալոնիայում փողոցները լցված են ցուցարարներով, երբ փակ են բոլոր խոշոր մայրուղիներն ու երկաթուղային կայարանները, երբ անկախության կողմնակից կատալոնացիները պահանջում են իրենց ղեկավարների ազատ արձակում, երբ Բելգիայի դատարանը դեռեւս պիտի որոշում կայացնի, արդյոք հարգելու է Կատալոնիայի նախագահի պաշտոնից ազատված Կարլես Պուջդեմոնին ու նրա չորս խորհրդականներին Իսպանիային հաձնելու Մադրիդի դատարանի որոշումը, երբ նրանց ու մյուս ձերբակալված պաշտոնյաներին ապստամբություն հրահրելու մեղադրանքով սպառնում է մինչեւ 3Օ տարվա ազատազրկում, երբ Եվրոպական միությունը, դատապարտելով հանդերձ քվեարկության օրն իշխանությունների կողմից իրականացված բռնությունները, չի ցուցաբերում միջամտության որեւէ եղանակ՝ միայն հայտարարելով, որ Կատալոնիայի խնդիրն Իսպանիայի ներքին խնդիրն է։

Բարսելոնում այսօր տիրում է խորը լարվածություն։

XS
SM
MD
LG