Մատչելի հղումներ

Թրամփին Հարավային Կորեայում դիմավորում են հակառակ դիրքերից


Հարավային Կորեայում ԱՄՆ-ի նախագահին դիմավորում են իրար ծայրաստիճան հակասող դիրքերից։ Մի մասը ջերմորեն ողջունում է նրան, մյուս մասն՝ անցկացնում բողոքի ցույցեր։

Մայրաքաղաք Սեուլում Դոնալդ Թրամփի առաջին այցի ժամանակ հազարավոր մարդիկ կազմել էին շղթա դեպի Հարավային Կորեայի նախագահական պալատ, ինչպես իրենք են ասում՝ Կապույտ տուն։ Այստեղ շատերին է գոհացնում Հյուսիսային Կորեայի միջուկային ու հրթիռային ծրագրերը կասեցնելու հարցերում Թրամփի խիստ հռետորաբանությունը։
Այստեղ հավաքվածները ԱՄՆ-ին համարում են իրենց երկրի բարեկամը, որն իրենց օգնել է Կորեական պատերազմի ժամանակ։
Սակայն կան նաեւ խմբեր, որոնք բողոքում են Թրամփի այցի դեմ։ Նրանք դեմ են իրենց երկրում ԱՄՆ-ի ռազմական ներկայությանը, եւ չեն ուզում, որ ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեայի դեմ հանդես գա խիստ խոսքերով։

՝՝Եթե, որպես աշխարհի գերհզոր պետության նախագահ, նա խաղաղություն է ուզում աշխարհի համար, պետք է հանդես գա Հյուսիսի հետ առանց նախապայմանների բանակցություններ սկսելու նախաձեռնությամբ։ Ուզում ենք, որ նա հավաստիացնի, որ պատերազմ չի սկսվելու Կորեական թերակղզում՛՛, ասում են հավաքվածները։

Մինչեւ ԱՄՆ-ի նախագահի ավտոշարասյունը կանցներ այստեղից, ոստիկանական մեծաթիվ ուժերը Թրամփի դեմ բողոքի ցույց անցկացնող խմբերին արգելում էին մուտք գործել գլխավոր հրապարակ։

Սակայն թե՛ Թրամփի դեմ բողոքի ցույցի ելածները, թե՛ նրան ողջունելու համար այստեղ հավաքվածներն ուզում են, որ ԱՄՆ-ը օգնի այստեղ պահպանել խաղաղությունն այնպես, ինչպես օգնել է այն պաշտպանել անցած տասնամյակներին։

XS
SM
MD
LG