Մատչելի հղումներ

Թեքսասի սպանդի արդյունքում զոհվել է առնվազն 26 մարդ


Sutherland Springs, Texas
Sutherland Springs, Texas

Կիրակի օրը Թեքսաս նահանգի շուրջ 400 բնակիչ ունեցող Սադերլենդ Սփրինգս քաղաքի եկեղեցում ընթացող կիրակնօրյա ժամերգությունը վերածվեց արյունալի ողբերգության: Պաշտոնական աղբյուրների համաձայն, 26-ամյա Դեյվին Քելին, ում 2014 թվականին հեռացրել էին ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերից, կրակ է բացել եկեղեցու այցելուների ուղղությամբ նախ եկեղեցու բակում, այնուհետև՝ եկեղեցու մեջ:

«Սա մեր նահանգի պատմության մեջ զանգցվածային հրաձգության ամենաշատ զոհեր ունեցող դեպքն է: Շատ մարդիկ դրա արդյունքում կորցրել են իրենց ընտանիքի անդամներին: Եվ այն փաստը, որ ողբերգությունը տեղի է ունեցել եկեղեցում՝ սուրբ վայրում, ավելի է ծանրացնում վիշտը»,- հայտարարել է Թեքսասի նահանգապետը:

Հրաձգությունից հետո մարդասպան-հրաձիգի դին հայտնաբերվել է իր ավտոմեքենայում:

Նախագահ Դոնալդ Թրամփը, ով միջադեպի պահին գտնվում էր Ճապոնիայում, իր ցավակցական խոսքերն է հղել զոհերի ընտանիքներին և կարգադրել իջեցնել երկրում բոլոր դրոշները: Ըստ նախագահի՝ հարձակում իրականացնողը ուներ հոգեկան խնդիրներ:

«Արցունքները աչքերիս սգում ենք, սակայն կանգնած ենք ամուր, շատ ամուր»,- հայտարարել է նախագահ Թրամփը:

Թեքսաս նահանգի տուժած համայնքում տեղի բնակիչները շարունակում են սգալ զոհերի հիշատակը:

«Սա սարսափելի է մեզ համար և մեր համայնքի, բայց Աստված մեզ հետ է և կօգնի մեզ»,- ասում է Ռիվեր Օաքս եկեղեցու հոգևոր հայր Փոլ Բաֆորդը:

Հիշեցնենք, որ Թեքսասի սպանդը տեղի ունեցավ ԱՄՆ-ի նորագույն պատմության ամենախոշոր զանգվածային սպանությունից ընդամենը հինգ շաբաթ անց, երբ Լաս Վեգասում մի տղամարդ հյուրանոցի իր համարից կրակ էր բացել համերգի հազարավոր հանդիսատեսների ուղղությամբ՝ սպանելով 58 մարդ:

Facebook Forum

XS
SM
MD
LG