Մատչելի հղումներ

Նախագահ Թրամփին ջերմ ընդունեցին Ճապոնիայում


Նախագահ Թրամփն իր դեպի ասիական երկրներ ուղևորությունը սկսեց Ճապոնիայից: Այստեղ նրան ու առաջին տիկնոջը հյուրընկալել էր Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն իր տիկնոջ հետ: Երկուշաբթի օրը նախագահ Թրամփի պատվին կազմակերպվել էր ընդունելություն:

Միջոցառման ընթացքում երկու առաջնորդներն էլ անդրադարձան երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններին, ինչպես նաև նրանց մտահոգող խնդիրներին, մասնավորապես Հյուսիսային Կորեայի հիմնախնդրին:

«Պատիվ ունեմ Ձեզ նման ընկեր ունենալու և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ և տիկին Աբեին: Սա երկու նշանակալից օրեր էին մեզ համար, որոնք երբեք չենք մոռանա և կրկին շուտով կվերադառնանք»,- ասել է նախագահ Թրամփը:

«Մենք ընդամենը մեկ տարի է ինչ հանդիպել ենք առաջին անգամ նախագահ Թրամփի հետ, և երբեք չի եղել նման մեկ տարի, երբ հարաբերությունները մեր երկրների երկու առաջնորդների միջև այդքան մտերմանան և խորանան, ինչպես մեր հարաբերությունները»,- հայտարարել է վարչապետ Աբեն:

Այցի ընթացքում նախագահ Թրամփը հանդիպեց նաև Ճապոնիայի կայսր Աքիհիտոյին և Հյուսիսային Կորեայի կողմից առևանգված Ճապոնիայի քաղաքացիների հարազատներին:

Ճապոնիայի վարչապետը օտարերկրյա առաջին առաջնորդն էր, ով հանդիպեց նախագահ Թրամփին անցած տարվա ընտրություններից հետո: Այդ ժամանակ ճապոնական կողմին մտահոգում էր Թրամփի «Ամերիկան առաջնային է» կարգախոսը:

Նախագահ Թրամփը պատմեց, որ մինչև իր երդմնակալության արարողությունը նա չպետք է հանդիպեր օտարերկրյա առաջնորդներին, սակայն երբ նա փորձում էր զանգահարել վարչապետ Աբեին, վերջինս արդեն ուղևովում էր դեպի Նյու Յորք:

Նախագահ Թրամփի այցը Ճապոնիա կավարտվի երեքշաբթի օրը, երբ նա կմեկնի Հարավային Կորեա՝ շարունակելու իր ասիական ուղևորությունը, որի ընթացքում հիմնական շեշտը դրված է Հյուսիսային Կորեայի հիմնախնդրի և առևտրային հարաբերությունների զարգացման վրա:

Facebook Forum

XS
SM
MD
LG