Մատչելի հղումներ

Մանրամասներ Թեքսասի սպանդի մասին


ԱՄՆ-ի Թեքսաս նահանգի Սաթերլանդ Սպրինգսում 26 մարդու կյանք խլած սպանդի հեղինակ, օդուժի նախկին զինծառայող 26-ամյա Դեյվին Քելլին նախնական տվյալներով միայնակ է գործել, հայտնում են տեղի օրինապահ մարմինները:

Մարդասպանը, ով կիրակի առավոտյան 11:20 սահմաններում կրակ է բացել Սաթերլանդ Սպրինգսի եկեղեցում հավաքված մարդկանց վրա, հասցրել էր սպանել առնվազն 26 մարդ: Զոհերի թվում են փոքր երեխաներ, տեղի քահանայի 14-ամյա դուստրը, տասնյակ այլ մարդիկ: Եկեղեցու հարեւանությամբ գտնվող մարդիկ, լսելով կրակոցներն անմիջապես դեպքի վայր են ուղեւորվել, միջամտել են եւ ստիպել մարդասպանին փախուստի դիմել, որից հետո հետապնդել են նրան:

Դեյվին Քելլիին ոստիկանները գտել են կոտրված ավտոմեքենայում հարեւան մայրուղիներից մեկի վրա՝ հրազենի մահացու կրակոցով: Դեռեւս պարզ չէ, թե արդյոք Քելլին ինքն իրեն է սպանել, թե դա մահացել է նրան հետապնդող քաղաքացիների կամ ոստիկանների կրակոցից: Ուիլսոն շրջանի շերիֆ Ջո Թեքիթի խոսքով, հետապնդման ընթացքում հանցագործի եւ նրան հետապնդողների միջեւ կրակ է բացվել:

26-ամյա Դեյվին Քելլին բնակվում էր Սաթերլանդ Սպրինգսից 50 կիլոմետր հեռավորության վրա: 2012-ին դատարանի որոշմամբ մեկ տարվա պայմանական ազատազրկման էր դատապարտվել ընտանեկան բռնության համար՝ նա ծեծի էր ենթարկել սեփական կնոջը եւ երեխային: 2014-ին նրան ազատել էին ամերիկյան օդուժից՝ անպատիվ պահվածքի համար: Այս պահին հանցագործի եւ եկեղեցու միջեւ միակ տեսանելի կապն այն է, որ իր նախկին տիկնոջ հարազատները այցելում էին այդ եկեղեցի: Սաթերլանդ Սպրինգսը Թեքսաս նահանգում գտնվող փոքր քաղաք է, որի բնակիչների թիվն ընդամենը 600 է:

Թեքսասում, որտեղ զենք կրելու եւ ձեռքբերելու օրենքները բավականին ազատական են, այնուամենայնիվ, արգելվում է զենք կրել մի շարք հասարակական հաստատություններում, այդ թվում՝ եկեղեցիներում:

Facebook Forum

XS
SM
MD
LG