Մատչելի հղումներ

Մանաֆորթի գործը կապված է Յանուկովիչի հետ


Օրերս հանրությանը հայտնի է դարձել, որ ընտրություններին Ռուսաստանի միջամտության գործի շրջանակում նախօրեին ձերբակալված նախագահ Թրամփի քարոզարշավի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթին ներկայացված մեղադրանքներից մեկը կապված է փողերի լվացման դրվագի և Ուկրաինայից Ռուսաստան հեռացած, ռուսամետ նախագահ Վիկտոր Յանուկովիչի կուսակցության համար լոբբիստական գործունեության հետ:

Ռուսաստանն իր հերթին հերքում է իր միջամտությունն ընտրություններին՝ դրա մասին պնդումները որակելով մտացածին:

«Անհիմն մեղադրանքները չեն կարող օգնել այս ամենը նախաձեռնողներին՝ ավելի լավ երևալու համար: Նրանք չգիտեն, թե ինչպես դուրս գան այս վիճակից: Այժմ նրանք հայտնաբերել են ուկրաինական հետք պարոն Մանաֆորթի և այլոց գործում: Սակայն դա վերաբերվում է արդեն Ուկրաինային»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը:

Ուկրաինական կողմն իր հերթին գտնում է, որ ԱՄՆ-ը պետք է հարցաքննի Յանուկովիչին: Հիշեցնենք, որ Կիևը մի շարք մեղադրանքներ է առաջ քաշել Յանուկովիչի դեմ:

«Յանուկովիչն առաջնորդում էր օլիգարխիկ և կոռումպացված համակարգ, որը կայացել էր Ուկրաինայում 2012 թվականից ի վեր մինչև Մայդանի հեղափոխությունը: Ուկրաինացի գործարարների նկատմամբ այդ ժամանակ առկա էր չափազանց ագրեսիվ պահվածք, մի շարք տնտեսական ճյուղերից տեղի էր ունենում կապիտալի մեծ արտահոսք»,- ասել է նախագահ Պորոշենկոյի վարչակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Շիմկովը:

Ուկրաինայի պաշտոնյան հույս է հայտնել, որ ամերիկյան հետաքննության բացահայտումները թույլ կտան լույս սփռել Յանուկովիչի և նրա կուսակցության իրականացրած անօրինական գործողությունների վերաբերյալ: Նա գտնում է, որ Մանաֆորթի գործը կարող է օգնել բացահայտել, թե որքան մեծ է եղել Ռուսաստանի միջամտությունն ամերիկյան ընտրություններին, սակայն ըստ նրա արդեն ակնհայտ է, որ ռուսական կողմն օգտագործել է սոցիալական ցանցերն ու սեփական անգլալեզու մամուլի միջոցները՝ ի օգուտ Դոնալդ Թրամփի ամերիկացի ընտրողների կարծիքի վրա ազդելու համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG