Մատչելի հղումներ

Ութ մարդու կյանք խլած Նյու Յորքի ահաբեկչության հեղինակը Ուզբեկստանից է


Manhattan Shooting
Manhattan Shooting

Նյու Յորքի թաղամասերից մեկում` հարավային Մանհեթենում, Առևտրի համաշխարհային կենտրոնից ոչ հեռու տեղի ունեցավ ահաբեկչական հարձակում: Ահաբեկիչը բեռնատար ավտոմեքենան ուղղեց դեպի ճանապարհի հեծանիվների համար նախատեսված հատվածը՝ վրաերթի ենթարկելով անցորդներին ու հեծանվորդներին ու բախվելով դպրոցական ավտոբուսի հետ:

«Սա ահաբեկչական գործողություն էր ընդդեմ անմեղ քաղաքացիների»,- հայտարարել է Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլասիոն:

Ոստիկանությանը հաջողվել է վնասազերծել և ձերբակալել ահաբեկչին, ով այնուհետև տեղափոխվել է հիվանդանոց:

«Բեռնատարի 29 ամյա վարորդը դուրս է եկել ավտոմեքենայից, նրա մոտ գտել են երկու ատրճանակ: Ոստիկանության աշխատակիցը, նրա հետ փոխհրաձգության մեջ մտնելով, կարողացել է վնասազերծել նրան»,- ասել է Նյու Յորքի ոստիկանության ներկայացուցիչ Ջեյմս Օնեյլը:

Այս ամենի ականատես են եղել բազմաթիվ մարդիկ:

«Միշտ թվում է, որ նման մի երևույթ քեզանից հեռու է, սակայն երբ դրանք տեղի են ունենում քո կողքին, ապա դա շոկային է: Չեմ ցանկանա նման բան տեղի ունենա մեկ ուրիշի հետ»,- ասում է ականատես Էլիզաբեթ Չերնոբելսկին:

Ոստիկանության հաղորդմամբ, ահաբեկչության իրականացման մեջ է կասկածվում 29 ամյա ազգությամբ ուզբեկ Սայֆուլո Սայիպովը, ով Միացյալ Նահանգներ է ներգաղթել յոթ տարի առաջ:

Ոստիկանությունը շարունակում է ակտիվ քննչական գործողություններ վարել հանցագործության վայրում: Բեռնատար ավտոմեքենան, որով ահաբեկիչը իրականացրել էր վրաերթը, վերցված է եղել վարձակալությամբ Home Depot շինանյութի խանութից: Ոստիկանությունը այցելել է նաև Նյու Ջերսի նահանգի մզկիթներից մեկը, ուր հնարավոր է այցելում էր կասկածյալը:

«Նա այստեղ էր ապրում երեք ամիս, և ոչ ոք նրան չի ճանաչում դեմքով անգամ: Ես կարծում եմ տեղի ունեցածը անձնական միտումների հետ է կապված: Իսլամը երբեք մեզ չի սովորեցնում մարդ սպանել»,- ասում է մզկիթ այցելած Նազար Օուդահը:

Իսկ Նյու Յորքում ավանդական Հալովին շքերթին ոստինկանությունը ձեռնարկել էր աննախադեպ անվտանգության միջոցներ: Պաշտոնատար անձինք նշում են, որ դեռևս չկան ապացույցներ, որ հարձակումը ծրագրավորել էին ավելի մեծ ուժեր, սակայն մեծ քանակությամբ ոստիկաններ շարունակում են վերահսկել փողոցները:

«Դուք կտեսնեք ոստիկանության աշխատակիցներին օդանավակայանում, թունելներում և այլուր: Դա չի վկայում, որ առկա է նոր հարձակման վտանգ, այլ հավելյալ անվտանգության միջոց է»,- հայտնել է Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Քուոմոն:

Ահաբեկչական հարձակումից քիչ անց արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ով իր թվիթերյան գրառման մեջ նշել է, որ չպետք է թույլ տալ, որպեսզի Դաեշ-ը վերադառնա կամ մուտք գործի ԱՄՆ-ն այն բանից հետո, երբ այն պարտվել է Մերձավոր Արևելքում: Նախագահը նաև գրել է, որ նա հրահանգել է ազգային անվտանգության նախարարին գործի դնել «Extreme Vetting» ծրագիրը:

Իրավապահ մարմինները շարունակում են հետաքննել ահաբեկչության մանրամասներն ու ահաբեկչի ինքնությունը: Հայտնի է, որ նա Միացյալ Նահանգներ է ժամանել 2010 թվականին:

Facebook Forum

XS
SM
MD
LG