Մատչելի հղումներ

Սոբչակը եւ Ղրիմը՝ հասարակական կարծրատիպի տապալում


Վերջին 3 տարիներին Ռուսաստանի հասարակության ներսում Ղրիմի բռնակցման վերաբերյալ դիրքորոշումը դարձել է այն այցեքարտը, որի օգնությամբ անմիջապես պարզվում է քաղաքացու կարծիքը մի շարք հարցերի շուրջ: Այս հարցում այսպես կոչված «ճիշտ» եւ «հայրենասիրական» մոտեցումը հնչեցրեց Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը.

«Ղրիմի ապագան որոշել են այս տարածքում ապրող մարդիկ: Նրանք քվեարկել են Ռուսաստանի հետ միավորման համար: Վերջ, վերջակետ»:

Այն փաստը, որ հանրաքվեն անցնում էր ռուս զինվորների ներկայությամբ, իսկ հավաստի տեղեկությունների համաձայն նաեւ մասնակցությամբ, Վլադիմիր Պուտինին չէր անհանգստացրել: Չէր անհանգստացրել նաեւ այն, որ հանրաքվեն նախապատրաստվել էր միայն մի քանի օր, իսկ երկու հարցերից եւ ոչ մեկը չէր նախատեսում Ղրիմի կարգավիճակի պահպանում:

«Ղրիմը մերն է» կարգախոսը դարձել էր ընդհանրական խորհրդանիշ, որը նախատեսում էր աջակցություն պաշտոնական Մոսկվայի քաղաքականության նկատմամբ ոչ միայն Ղրիմում այլեւ Արեւելյան Ուկրաինայում, Սիրիայում եւ ընդհանրապես Արեւմուտքի հետ հակամարտության ճանապարհին: «Ղրիմը մերն է» խոնարհ կրկնում էին իրենց խորհրդարանական ընդդիմություն համարող Ռուսաստանի կուսակցությունների առաջնորդներ, պատգամավորներ, մշակութային գործիչներ, օլիգարխներ:

Նույնիսկ իրեն արմատական ընդդիմություն անվանող Ալեքսեյ Նավալնին ստիպված է մեծագույն զգուշությամբ խոսել Ղրիմի մասին: «Ղրիմն ի՞նչ է, երշիկով սենդվի՞չ, որ այն վերադարձնենք», - ասում էր Նավալնին:

Ռուսաստանի նախագահական ընտրություններին իր թեկնածությունը առաջադրել պատրաստվող Քսենիա Սոբչակը սակայն օրերս թույլ է տվել իրեն այն, ինչ չէր թույլ տալիս եւ ոչ մի քաղաքական գործիչ: Հետեւելով Վլադիմիր Պուտինի ոճի նա հայտարարել է՝ «Միջազգայի իրավունքի տեսակետից Ղրիմն Ուկրաինայինն է: Վերջակետ»:

Չնայած որոշ սպասումների, այդ հայտարարության համար Սոբչակին չձերբակալեցին, ինչն ակնկալվում էր ելնելով ՌԴ նոր օրենքներից, եւ նույնիսկ Կրեմլն իր խոսնակի միջոցով սահմանափակվեց «իր տեսքով եւ բովանդակությամբ սխալ հայտարարություն» ձեւակերպումով: Դեմ էր միայն սկանդալային պատգամավոր Նատալյա Պոկլոնսկայան, ով, մի պահ շեղելով ուշադրությունը Ռուսաստանի վերջին թագավորի պատիվը տարբեր տեսակի պարուհիներից եւ ռեժիսորներից պահպանելուց, հայտարարեց, որ Ղրիմի եւ Սեւաստոպոլի պատկանելիությունը Ռուսաստանին բոլորին է հայտնի:

Դրան ի պատասխան Քսենիա Սոբչակը հիշեցրել է, որ այդ բոլորի մեջ զարմանալիորեն չի ներառված համաշխարհային ամբողջ հանրությունը: «Ղրիմի միավորումը Ռուսաստանի հետ չի ճանաչել համաշխարհային եւ ոչ մի տերություն, նույնիսկ Բելառուսը չի ճանաչել», - նշել էր Սոբչակը:

Facebook Forum

XS
SM
MD
LG