Մատչելի հղումներ

Բաղդադի դիրքորոշումն ու Բարզանիի աղմկահարույց հրաժարականը


Իրաքյան Քուրդիստանի առաջնորդ Մասուդ Բարզանին հրաժարական է տվել՝ քրդերի անկախության հանրաքվեին հաջորդած տևական զինված բախումների արդյունքում ձեռքբերված հրադադարից մեկ օր անց:​

Իրաքյան Քուրդիստանի առաջնորդ Մասուդ Բարզանիի հրաժարականի մասին հեռուստատեսային ուղերձից վրդովված ցուցարարները կիրակի օրը Իրբիլում ներխուժել են խորհրդարանի շենք, հարձակվել՝ պատգամավորների և լրագրողների վրա:

Բարզանին իր հեռուստատեսային ելույթում անցած կիրակի հայտարարել էր, որ նոյեմբերի 1-ին կհեռանա իր զբաղեցրած պաշտոնից: Նա նաև կոչ էր արել խորհրդարանին լուծարել նախագահի պաշտոնն ու իր պարտականությունները փոխանցել ներկայիս վարչապետին, խորհրդարանին և դատական իշխանությանը:

Սեպտեմբերին կայացած անկախության հանրաքվեն, որին Իրաքի քրդերի 92 տոկոսը կողմ էր քվեարկել, ըստ նախագահ Բարզանիի՝ պաշտոնական Բաղդադի համար ընդամենը պատրվակ էր Դաեշ-ից ազատագրած հյուսիսային Իրաքի նավթով հարուստ հսկայական տարածքները բռնազավթելու համար:

Հիշեցնենք, որ նշված շրջանները, Իրաքյան Քուրդիստանի և դաշինքի զինված ուժերի կողմից, Դաեշ-ի զինյալներից 2014 թվականին ազատագրելուց հետո գտնվում էր Իրաքի քրդերի վերահսկողության ներքո:

Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին քրդերի անցկացրած հանրաքվեն անօրինական էր ճանաչել և ի պատասխան՝ զինված ուժեր ուղարկել քրդերի հսկողության ներքո գտնվող տարածքների հանդեպ վերահսկողություն սահմանելու նպատակով:

Իրաքի զինված ուժերի և իրաքյան քրդերի միջև վերջին շաբաթներին ընթացող զինված բախումները անցած ուրբաթ ավարտվեցին հրադադարով, որին հաջորդեց Բարզանիի հրաժարականի լուրը:

Քրդական ուժերը՝ առանց ավելորդ դիմադրության ազատելով տարածքները, կոչ են արել ալ-Աբադիի կառավարությանը սառեցնել հանրաքվեի արդյունքներն ու երկխոսություն սկսել:

Ալ-Աբադին, թերևս,մերժել է քրդերի առաջարկն ու ավելացրել, որ իր կառավարությունը պահանջում է ամբողջությամբ չեղարկել հանրաքվեի արդյունքներն ու հարգել երկրի սահմանադրությունը:

XS
SM
MD
LG