Այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցիկ ամերիկյան ընկերությունները կանգնած են լուրջ խնդրի առջեւ՝ Ռուսաստանի կողմից ամերիկյան ընտրությունների վրա ներազդելու գործում իրենց տեղեկատվական հարթակների գործածման համար։
«Facebook-ի պատասխանատվությունն այս հարցում ավելի մեծ է, քան նրանք պատկերացնում են: Նրանք հավանաբար լիովին չեն հասկանում, որ ընթանում է քարոզչական պատերազմ: Նրանք մաս են կազմել մի գործընթացի որն ազդել է ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքների վրա»,-նշում է Բերկլիի համալսարանի պրոֆեսոր Էն Ռավելը:
Այսօր Կոնգրեսի բարձրաստիճան օրենսդիրներին ու ամերիկյան հանրությանը հետաքրքրում է, թե ինչպես են օտար ուժերն օգտագործել Facebook-ը, Google-ն ու Twitter-ը՝ ընտրություններին ազդելու համար: Այս հարցերը բարձրացնում են համացանցի ազատության հետ կապված բազմաթիվ հարցեր:
«Համացանցը լուրջ մարտահրավեր է ժողովրդավարությանը: Սկզբում թվում էր՝ այն ձայնազուրկներին տալիս է ձայնի իրավունք և հավասարեցնում բոլորին, սակայն երբ մարդիկ ստանում են ազատ բոլորի հետ շփվելու հնարավորություն, այն նաև հնարավորություն է ստեղծում ոչ ժողովրադավար երևույթների դրսևորմանը»,- նշում է Սթենֆորդի համալսարանից Նեյթ Փերսիլին:
Ըստ Փերսիլիի, Կոնգրեսում այժմ շրջանառվող օրինագծերից մեկը պահանջում է համացանցային ընկերություններից բացահայտել քաղաքական գովազդի պատվիրատուի անունը:
Սիլիկոնային հովտի ընկերություններն իրենց հերթին հայտնում են, որ համագործակցում են հետաքննություն իրականացնող մարմինների հետ: Նրանք նաև զբաղված են լոբբիստական գործունեությամբ՝ նոր օրենքներից իրենց բիզնեսը պաշտպանելու նպատակով:
Facebook Forum