Մատչելի հղումներ

2018-ի հունվարի 29-ից Միացյալ Նահանգները սկսելու է պատժամիջոցներ կիրառել մասնավոր ընկերությունների եւ անձանց դեմ, ովքեր Ռուսաստանի պաշտպանական եւ հետախուզական ոլորտի մաս հանդիսացող մի շարք ընկերությունների եւ անձանց հետ «էական գործարքներ» կունենան: Պետքարտուղարության խոսնակ Հիդեր Նյուերթի խոսքով, Միացյալ Նահանգների գործադիր մարմինն արդեն կազմել է այն անձանց եւ ընկերությունների ցուցակը, որոնք ռուսական անվտանգության ոլորտի մաս են հանդիսանում եւ որոնց հետ գործարքը կարող է հանգեցնել պատժամիջոցների.

«Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կարգադրել է Պետքարտուղարությանը հանրության համար ուղեցույց մշակել, որտեղ թվարկված կլինեն անձինք եւ ընկերություններ, որոնք Ռուսաստանի Դաշնության անվտանգության կամ հետախուզական ոլորտների մասն են»:

The New York Times թերթի կողմից հրապարակված ցուցակի նախնական տարբերակում ընդգրկված է ավելի քան երեք տասնյակ ռուսական ընկերություն, այդ թվում հրթիռային համակարգեր արտադրող Ալմազ Անտեյ ընկերությունը, Կալաշնիկով եւ Ուռալվագոնզավոդ զենքի արտադրողները, ինչպես նաեւ Սուխոյ եւ Տուպոլեվ ռազմական ինքնաթիռներ արտադրող կորպորացիաները:

Նյուերթի խոսքով, ամբողջական ցուցակը հրապարակվելու է արդեն մոտ օրերս, իսկ մինչ այդ, այն ներկայացվել է Միացյալ Նահանգների կոնգրեսականներին: Հիշեցնենք, հենց Կոնգրեսի կողմից ընդունված օրենքի համաձայն ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը պարտավորվել է պարբերաբար ներկայացնել Ռուսաստանի պաշտպանության եւ հետախուզության հետ կապված անձանց ցուցակը, որոնց հետ սերտ համագործակցության համար ԱՄՆ-ի եւ այլ երկրների քաղաքացիներ կամ ընկերություններ կարող են պատժամիջոցների ենթարկվել:

«2018-ի հունվարի 29-ից օրենքը կպահանջի, որ պետքարտուղարը որոշակի պատժամիջոցներ ընդունի ընկերությունների դեմ, որոնք նախապես տեղյակ լինելով, էական գործարքներ կկնքեն ցուցակում ընդգրկված անձանց կամ ընկերությունների հետ»:

Ավելի վաղ Կոնգրեսի կողմից ընդունված օրենքի համաձայն, պատժամիջոցներից կարող են խուսափել այն անձինք եւ ընկերությունները, որոնց գործարքները նշված ցուցակի ներկայացուցիչների հետ ուղղված են լինելու միայն քաղաքացիական նպատակներով օգտագործման եւ ԱՄՆ-ի շահերին չհակասող նպատակներով:

Ի պատասխան Ռուսաստանի Դաշնությունը որոշել է մի շարք բալիստիկ հրթիռների փորձարկումներ անցկացնել եւ արգելել ԱՄՆ-ից խոզի մսի ներկրումը Ռուսաստան:

Facebook Forum

XS
SM
MD
LG