Մատչելի հղումներ

Նոյեմբերի սկզբին հայտնի կդառնա, թե ով կգլխավորի ԱՄՆ-ի կենտրոնական բանկը


ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջանեթ Յելենն այս պաշտոնը զբաղեցնում է արդեն չոր տարի՝ իրեն դրսևորելով որպես կայուն և հավասարակշռված գործիչ: Այսպիսի գնահատական է տալիս «Ռոյթերս» գործալկալության մեկնաբան Թոմ Բըրքլը:

«Վերջին 8 տարիների ընթացքում Դաշնային պահուստային համակարգն ամերիկյան տնտեսության հիմնական շարժիչն էր Վաշինգտոնում, և նման մոտեցումն իրեն արդարացրեց: Գրանցվեց ոչ մեծ, բայց կայուն տնտեսական աճ»,- նշում է Բըրքլը:

Գալիք փետրվարին լրանում է Դաշնային պահուստային համակարգի գործող ղեկավար Ջանեթ Յելենի ժամկետը: Նրա թեկնածության հետ մեկտեղ դիտարկվում են այլ թեկնածուներ, որոնց թվում են պահուստային համակարգի խորհրդի անդամ Ջերեմի Փաուելը, Սթենֆորդի համալսարանի տնտեսագետ Ջոն Թեյլորը, նախկինում պահուստային համակարգի խորհրդի անդամ Քևին Ուորշն ու Սպիտակ տան տնտեսական հարցերով խորհրդական և նախկին ներդրումային բանկիր Գարի Քոհնը:

Moody’s Analytics-ի վերլուծաբան Ռայան Սվիթի կարծիքով դաշնային պահուստային համակարգի քաղաքականությունը փոփոխության չի ենթարկվի անկախ թեկնածուի ընտրությունից, սակայն նա չի բացառում, որ հաջորդ ղեկավարը կստանձնի պաշտոնն արդեն տնտեսական անկման պայմաններում՝ հաշվի առնելով այսօրվա շարունակական տնտեսական աճը, որը երրորդ ամենաերկար գրանցած աճն է ամերիկյան տնտեսական պատմության մեջ:

«Եթե նրանք ազդարարեն, որ պատրաստվում են ավելի ագրեսիվ քաղաքականություն վարել տոկոսադրույքների բարձրացման հարցում, ապա դա կարող է խաթարել տնտեսական աճն ու բացասաբար ազդել սղաճի վրա, ինչպես նաև իրարանցում առաջացնել ֆինանսական շուկայում, ինչը լավ չէ տնտեսության համար»,- ասում է Սվիթը:

Վերլուծաբանների կարծիքով ԱՄՆ-ի կենտրոնական բանկի մեկ այլ մարտահրավերներից է դաշնային պահուստային համակարգի անկախության պահպանումը Թրամփի վարչակազմի օրոք:

«ԱՄՆ-ի վարչակազմից ու Կոնգրեսից անկախությունն այն կարևոր գործիքն է, որի շնորհիվ կենտրոնական բանկն իրականացնում է արդյունավետ ֆինանսական քաղաքականություն՝ հնարավորություն ունենալով կենտրոնանալ ոչ թե կարճաժամկետ պետական ֆինանսավորման կարիքների, այլ երկարաժամկետ տնտեսական նպատակների վրա»,- ասում է Թառա Սինքլեյրը:

Գործող ղեկավար Ջանեթ Յելենի վերընտրությունը դաշնային պահուստային համակարգի ղեկավարի պաշտոնում բացառված չէ: Սպասվում է, որ նախագահ Թրամփը կհայտարարի իր թեկնածուի անունը նոյեմբերի 3-ին՝ նախքան իր ուղևորությունը Ասիա:

Facebook Forum

XS
SM
MD
LG