Հանրապետական կուսակցությունը շարունակում է ցուցաբերել պառակտվածություն նախագահ Թրամփի վարած քաղաքականության շուրջ:
«Ես հանդես եմ գալիս ելույթով՝ ասելու բավական է»,- հայտարարել է հանրապետական սենատոր Ջեֆ Ֆլեյքը, ով հաջորդ տարի պատրաստվում է անցնել թոշակի:
Սենատոր Ֆլեյքը հայտարարել է, որ հաջորդ տարի պատրաստվում է հեռանալ թոշակի և խոսել վարչակազմի գործելաոճի մասին:
«Չեմ կարող շարունակել գործել նման քաղաքական միջավայրում: Թվիթերյան այս գրառումներն ու գործելաոճը հարիր չեն նախագահի պաշտոնին»,- հայտարարել է հեռացող սենատոր Ֆլեյքը:
Թրամփի դեմ է հանդես եկել նաեւ մեկ այլ հանրապետական սենատոր Բոբ Քորքերը, ով ևս չի պատրաստվում վերընտրվել հաջորդ ընտրություններին:
«Ես կարծում եմ, որ Թրամփը կհիշվի իր սուտ և անտեղի խոսքերով»,- ասել է սենատոր Քորքերը:
Նախագահ Թրամփը հակադարձել է սենատորներին՝ ընդգծելով, որ նրանք հեռանում ենքանզի վախենում են պարտվել ընտրություններում: Նա նաև արդարացրել է իր գործելաոճը՝ կրկին մեղադրելով մամուլին:
«Մամուլն ինձ փորձում է ներկայացնել ավելի անքաղաքավարի, քան ես կամ իրականում: Մարդիկ դա չեն հասկանում»,- ասել է նախագահը:
Վերլուծաբանների կարծիքով հանրապետական կուսակցությունում առկա է անջրպետ ավանդական վերնախավի ու կուսակցության պոպուլիստական հատվածի միջև:
«Հանրապետական կուսակցության մեջ առկա է խորը երկփեղկում և այն գնալով խորանում է: Սա աննախադեպ իրավիճակ է 1974 թվականի օգոստոսին նախագահ Նիքսոնի նախագահության վերջին օրերից ի վեր»,- նշել է վերլուծաբան Լարի Սաբաթոն:
Սակայն շատ հանրապետական օրենսդիրներ շարունակում են աջակցել նախագահ Թրամփին:
«Ես համամիտ եմ նախագահի հարկային քաղաքականության և առողջապահության բարեփոխումների փաթեթի հետ: Այս պահին ես համամիտ եմ նախագահի հետ շատ հարցերում»,- ասում է սենատոր Ռիչարդ Շելբին:
Հինգշաբթի օրն ԱՄՆ-ի Սենատն ընդունեց երկրի բյուջեի մասին օրենքը, որն անցավ երկու ձայն տարբերությամբ: Սա հանրապետական կուսակցության հաղթանակն էր, որով ընդգծվում էր կուսակցության միասնականությունը:
«Եթե կա մի բան, որը միավորում է հանրապետականներին, ապա դա հարկային բարեփոխումներն են: Մենք պետք է կենտրոնանանք ու հասկանանք, թե որն է մեր օրակարգը՝ անախորժություններից խուսափելու համար»,- հայտարարել է Սենատում հանրապետական մեծամասնության ղեկավար Միչ Մաքքոնելը:
Հանրապետական կուսակցությունն ունի մեծամասնություն ԱՄՆ-ի Սենատում, սակայն հեռացող սենատորներ Ֆլեյքն ու Քորքերն այժմ ավելի ազատ են իրենց քվեարկության հարցերում: Նրանք կշարունակեն գործել Սենատում մինչև հաջորդ տարվա վերջ:
Facebook Forum