Մատչելի հղումներ

Կատալոնիայում իրավիճակը մնում է լարված ու անորոշ


Հազարավոր ցուցարարներ հավաքվել էին Կատալոնիայի կառավարության շենքի մոտ այն բանից հետո, երբ լուրեր տարածվեցին, որ Կատալոնիայի նախագահ Կառլոս Պուջդեմոնտը նախատեսում է դեկտեմբերի 20-ին անցկացնել հերթական ընտրություններ: Հիշեցնենք, որ անկախության հանրաքվեից հետո Բարսելոնան հայտարարել էր, որ չի անցկացնի հերթական ընտրություններ շրջանում ի պատասխան Մադրիդի կոշտ դիրքորոշմանը անկախության հանրաքվեի և երկխոսության հարցում:

Սակայն շուտով դեկտեմբերի 20-ի ընտրությունների անցկացման լուրերը հերքվեցին, այն բանից հետո, երբ ելույթով հանդես եկավ նախագահ Պուջդեմոնտը, ով ընդգծեց.

«Ես պատրաստ էի հայտարարել ընտրությունների կազմակերպման մասին, եթե ինձ տրվեին համապատասխան երաշխիքներ: Սակայն չկան երաշխիքներ, որպեսզի անցկացվեն ընտրություններ»,- հայատարարել է նախագահ Պուջդեմոնտը:

Կատալոնիայի նախագահը նաև ավելացրեց, որ այս պահին Կատալոնիայի խորհրդարանը պետք է որոշի, ինչպես շարժվել առաջ Կատալոնիայի անկախացման հարցում:

Հոկտեմբերի 1-ի անկախության հանրաքվեից հետո իրավիճակն այստեղ շարունակում է մնալ լարված: Իսպանիայի կենտրոնական իշխանությունները հրաժարվել են ճանաչել հանրաքվեի արդյունքները՝ այն որակելով հակասահմանադրական ու անօրինական: Սակայն Կատալոնիայի կառավարությունը շարունակում է հանդես գալ հանրաքվեի արդյունքների ճանաչման դիրքերից՝ պնդելով իր անկախանալու օրինական իրավասության վրա:

Մադրիդը հրաժարվել է երկխոսությունից ու ուղիղ կառավարում հաստատել ի պատասխան Կատալոնիայի անկախության հանրաքվեի, սակայն դեռևս պարզ չէ, թե ինչպես է կենտրոնական իշխանությունը պատրաստվում իրականացնել այն: Տեղի քաղաքացիական ծառայողներն ու ոստիկանությունն աջակցություն չեն ցուցաբերում կենտրոնական իշխանություններին: : Ավելին, անկախության աջակիցների շրջանում շրջանառվում է քաղաքացիական անհնազանդության կազմակերպման գաղափարը, որը կարող է զգալիորեն մեծացնել լարվածությունը շրջանում։

Facebook Forum

XS
SM
MD
LG