Մատչելի հղումներ

Իրավապաշտպանները կոչ են անում Հունաստանին տեղափոխել փախստականներին կղզիներից մայրցամաք


Իրավապաշտպաններն ու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցները ահազանգում են Հունաստանի կղզիներում ապաստանած ներգաղթյալների ծանր իրավիճակի մասին: Հոկտեմբերի 23-ին 19 կազմակերպություններ համատեղ նամակ են հղել Հունաստանի վարչապետին՝ կոչ անելով ներգաղթյալներին ավելի շատ կալանավայրեր հիշեցնող կղզիների ճամբարներից տեղափոխել Հունաստանի մայրցամաք:

Ըստ կառավարության տվյալների, այս պահին կղզիներում տեղակայված 5 ճամբարներում բնակվում են 14500 ներգաղթյալներ, որոնցից շատերի փաստաթղթերը դեռևս ընթացքի մեջ են:

Մարդասիրական կազմակերպություններն ահազանգում են, որ ներգաղթյալների հոգեվիճակը չափազանց ծանր է, քանի որ ճամբարները չափից դուրս լցված են, չունեն նորմալ սանիտարական պայմաններ: Բացի այդ այստեղ են գրանցվում բազմաթիվ բռնության, ճնշումների ու հիվանդությունների դեպքեր: Վերջին երկու ամսում Թուրքիայից այստեղ են տեղափոխվել նաև նոր ներգաղթյալների խմբեր, որը էլ ավելի է բարդացրել իրավիճակը:

«Վերջին երկու ամիսների ընթացքում զգալիորեն աճել է այն մարդկանց թիվը, ովքեր խոսում են ինքնասպանության մասին որպես իրավիճակից դուրս գալու միջոց»,- ասում է «Բժիշկներ առանց սահմանների» կառույցի ներկայացուցիչ Ջեյն Գրիմսը:

Հունական Սամոս կղզու ճամբարում այս պահին գտնվում է 2500 փախստական՝ չնայած նրան, որ ճամբարը նախատեսված է 700 անձի համար:

«Մարդկանց մոտ ծայրահեղ լարված, զայրացած, նյարդայնացած, ստրեսային իրավիճակ է»,- ասում է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության Հունաստանի ներկայացուցչության ղեկավար Քլեմենթ Փորին:

Այստեղի կյանքի մասին են պատմում սիրիացի մի շարք փախստականներ, ովքեր բնակվում են Սամոսի ճամբարում:

«Ես ընկճախտի մեջ եմ, կինս հիվանդ է: Նրան հանգիստ է պետք, սակայն այստեղ ճամբարում կան բազմաթիվ խնդիրներ: Լինում են պահեր, որ չեմ կարողանում մնալ ճամբարում ու ընտանիքիս հետ հեռանում եմ: Սա է կյանքն այստեղ: Շատ դժվար է»,- նշում է Հալեպից փախստական Մուհամադ Ահլումը:

«Եթե իմանայինք, որ այսպես է լինելու, կմնայինք այնտեղ ռումբերի տակ»,- ասում է մեկ այլ սիրիացի փախստական Մուահադ Աշաադը:

Միջազգային կազմակերպությունների տեղի ներկայացուցիչները մտահոգված են մոտեցող ձմեռվա կապակցությամբ, քանի որ ճամբարը չունի համապատասխան պայմաններ՝ դիմակայելու ձմռան եղանակին:

«Այս պահին ամենակարևոր հարցը ձմռանը նախապատրաստվելն է՝ ոչ միայն ցրտին, այլ նաև անձրևներին դիմակայելու համար»,- ասում է ՄԱԿ-ի

Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Սամոս կղզում Ռոսե դե Յոնգը:

Human Rights Watch կազմակերպության տվյալներով, կառավարությունն արդեն սկսել է շուրջ 2000 ներգաղթյալների՝ Լեսբոս և Սամոս կղզիներից դեպի մայրցամաք տեղափոխման գործընթացը, ուր ճամբարների պայմաններն ավելի բարվոք են: Սակայն իրավապաշտպաններն ասում են, որ դա դեռևս բավարար չէ:

Facebook Forum

XS
SM
MD
LG