Մատչելի հղումներ

Քրդական շրջանը սառեցնում է անկախության հանրաքվեի արդյունքները


Իրաքի Քրդական շրջանի ղեկավարությունն առաջարկել է սառեցնել անկախության հանրաքվեի արդյունքները և երկխոսություն սկսել Բաղդադի հետ՝ կողմերի միջև հետագա լարվածությունից խուսափելու համար:

Հանրաքվեի արդյունքների սառեցումից զատ քրդական կողմը նաև կոչ է արել անմիջապես դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները Իրաքի հյուսիսային շրջաններում:

Այս առաջարկությունն առաջ քաշվեց այն բանից հետո, երբ իրաքյան զորքերը անցած շաբաթ գրավեցին Քրքուք քաղաքն ու այլ տարածքներ, որոնք վերահսկվում էին քրդական զորամիավորումների կողմից: Այդ ընթացքում տեղի ունեցան բախումներ իրաքյան բանակի և քրդական զորամիավորումների միջև:

Հիշեցնենք, որ Բաղդադը չի ճանաչել քրդերի անկախության հանրաքվեն: Իրաքի վարչապետ Հայդար ալ Աբադին հայտարարել է, որ այն անօրինական է: New York Times-ում հրապարակված իր հեղինակային հոդվածում վարչապետ Աբադին կոչ է արել քրդական կողմին հարգել Իրաքի սահմանադրությունը և համոզմունք հայտնել, որ Իրաքը կմնա միասնական: Նա նաև ընդգծել է, որ որպես Իրաքի վարչապետ պարտավոր է գործել ըստ սահմանադրության՝ երկրի միասնականությունը պահպանելու համար: Հոդվածում նա հայտնում է, որ իրաքյան ուժերը վերահաստատել են կենտրոնական իշխանության վերահսկողությունը երկրի նավթային պաշարների, պետական սահմանների ու մաքսային ծառայությունների նկատմամբ:

Հոդվածում Իրաքի վարչապետը հայտնել է նաև, որ այս հարցի վերաբերյալ Բաղդադը ապավինում է միջազգային հանրության աջակցությանը: Այդ համատեքստում հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ Իրաքի վարչապետի այցն Անկարա, ուր նա հանդիպեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին:

Իրաքի վարչապետի հետ հանդիպումից հետո Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են, թե ինչ տնտեսական, քաղաքական և ռազմական քայլեր կարող են ձեռնարկել քրդական անկախության հանրաքվեից հետո, որը Թուրքիան ևս ճանաչում է անօրինական:

Հանդիպման ընթացքում Էրդողանը հավաստիացրել է, որ Անկարան պատրաստ է Իրաքին տրամադրել ամեն տեսակի աջակցություն՝ Քրքուքից Թուրքիա գնացող նավթամուղը վերաբացելու համար, որը դադարել էր գործել 2014 թվականից:

Facebook Forum

XS
SM
MD
LG