Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի որոշ հատվածներում երեխաները թերսնված են։ Անցած շաբաթ օրը համացանցում տեղադրված տեսագրությունները պատկերում են ապստամբ ուժերի կողմից գրավված արեւելյան Դամասկոսի Արեւելյան Ղութա արվարձանի երեխաներին։
Տեսագրության մեջ պատկերված երեխաներից մեկն ավելի ուշ մահացել է, երբ ծայրահեղ թերսնման պատճառով վատթարացել էր նրա մոտ արդեն իսկ առկա հիվանդությունը։ Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերը համակարգող կազմակերպությունը։
Բժիշկներն ասում են, որ դեղամիջոցների ու սննդամթերքի պակասը շարունակում է երեխաների կյանք խլել Արեւելյան Ղութայի արվարձանում, որն այս պահին գտնվում է կառավարական ուժերի շրջափակման ներքո։
Ապստամբ ուժերի վերահսկողության ներքո գտնվող Դոումա եւ Թալբիսեհ քաղաքների հակակառավարական դիրքորոշում ունեցող ակտիվիստները, որպես Արեւելյան Ղութային աջակցություն, բողոքի ցույցեր են անցկացրել իրենց քաղաքներում։
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները, Ռուսաստանն ու Հորդանանը հուլիս ամսին էին կնքել հարավարեւմտյան Սիրիայում հրադադար հաստատելու մասին համաձայնություն, ինչի արդյունքում մեծապես կրճատվել էին բռնությունները։ Սակայն համաձայնագիրը չէր ներառել Արեւելյան Ղութան։
Facebook Forum