Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի օփիոիդների ճգանաժամն ու մահացությունների ահագնացող աճը


Թմրադեղերից կախվածության դեմ պայքարի ամերիկյան ընկերակցության տվյալներով՝աշխարհի բնակչության 5 տոկոսն ունեցող ԱՄՆ-ում իրացնում են աշխարհի օփիոիդների 85 տոկոսը:

ԱՄՆ-ում օփիոիդ խմբի դեղատոմսային ցավազրկողների չափաբաժնի գերազանցման հետևանքով օրական մահանում է շուրջ 100 մարդ: Ֆիլադելֆիայի Քինգսթըն թաղամասը համարվում է օփիոիդային համաճարակի կենտրոններից մեկը:

«Ես փողոցից եմ գնում իմ ցավազրկողները՝ կայարանի մոտակայքում: Երբ վերջին անգամ այնտեղ էի, անկենդան վիճակում գետնին ընկած մի մարդ տեսա: Երևի մի քանի օր կլիներ, որ նա՝ ինչ-որ մեկի երեխան, հայրը, կամ եղբայրը այդպես մեռած, ընկած էր գետնին», - պատմում է Էնթընին:

ԱՄՆ-ում օփիոիդների ճգնաժամի հիմնական պատճառներից մեկը օփիոդ խմբի ցավազրկող Oxycodone դեղամիջոցի լայնածավալ նշանակումն է:

«Աշխարհի որևէ երկրում այնքան օփիոիդային ցավազրկող չեն օգտագործում, որքան ԱՄՆ-ում: Մենք աշխարհի բնակչության 5 տոկոսն ենք կազմում, բայց իրացնում ենք աշխարհի օփիոիդների 85 տոկոսը», - ասում է թմրադեղերից կախվածության դեմ պայքարի ամերիկյան ընկերակցությունից Քելլի Քլարկը:

Միացյալ Նահանգներում 1999 թվականից առայսօր բժիշկների դեղատոմսով նշանակված օփիոիդային ցավազրկողները 183 հազար մարդու կտրուկ մահվան պատճառ են հանդիսացել: Վերջին տարիներին, սակայն, այս թիվը քառապատկվել է լաբորատոր պայմաններում ստեղծվող սինթետիկ օփիոիդների սև շուկայում հայտնվելուց հետո:

Բժիշկ Ջոն Դոմբրովսկիի կարծիքով, ԱՄՆ-ում օփիոիդային ճգնաժամի առաջացմանը մեծապես նպաստել են հենց ընտանեկան բժիշկները, ովքեր, հաճախ բավարարելով օփիոիդային դեղամիջոցներից կախվածություն ունեցող հիվանդների պահանջը, ճնշման տակ ավելացրել են ցավազրկողների չափաբաժինը:

Հաճախ, երբ բժշկները հրաժարվում են նոր կուրս նշանակել և դեղատոմս տրամադրել, օփիոդներից կախվածություն ունեցող հիվանդները սկսում են օփիոիդներ գտնելու զարթուղի ճանապարհներ փնտրել սև շուկայում՝ անցնելով տարածված դեղամիջոցներից անհամեմատ ավելի մեծ ներգործություն ունեցող սինթետիկ ֆենտանիլի, կամ՝ հերոինի:

«Երբ թմրամոլները չեն կարողանում փողոցից դեղահաբ գնել, անցնում են հերոինի, որը գնում են 10 դոլարով», - ասում է շերիֆ Մեյնսը:

Ըստ վիճակագրության՝ ներկայումս ԱՄՆ-ում օփիոիդային դեղամիջոցներից և թմրադեղերից կախվածություն ունեցող մարդկանց թիվը հասնում է 3 միլիոնի՝ ներառելով արվարձաններում բնակվող սպիտակամորթ երիտասարդների:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը ջանք չի խնայելու միլիոնավոր մարդկանց կյանք խլող օփիոիդային համաճարակին վերջ դնելու համար:

XS
SM
MD
LG