Մատչելի հղումներ

Ֆրանսիայում բնակչությունը բողոքում է ներգաղթյալներից


Կալե քաղաքի բնակիչներն հավաստում են, որ իրավիճակն էլ ավելի է վատթարացավ քաղաքի փախստականների ճամբարը փակելուց հետո:

«Ճամբարը փակվելուց հետո, երբ ներգաղթյալներին հեռացրեցին այստեղից մենք վերադարձանք հանգիստ կյանք, սակայն որոշ ժամանակ անց իրավիճակը կրկին վատթարացավ, քանի որ նրանց թիվը գնալով աճում է, և դա արդեն անընդունելի է դառնում»,- նշում է տեղի տրանսպորտային ընկերության տնօրեն Ժան-Պիեռ Դևիգնեն

Շատերն ակնկալում էին, որ ճամբարի փակումից հետո իրավիճակը կբարելավվի, քանի որ Ֆրանսիայի իշխանությունները որոշում էին կայացրել ներգաղթյալներին ապաստան տալ մի շարք հատուկ կենտրոններում: Սակայն, ներգաղթյալները շարունակում են հանգրվանել Կալեի արդյունաբերական գոտու շուրջ ընկած տարածքում՝ ապավինելով մարդասիրական օգնությանը սնունդի և այլ կարիքների հարցում, քանի որ այդ կենտրոնները դեռևս պատրաստ չեն:

16 ամյա աֆղանացի ներգաղթյալ Սաիդը հայտնում է, որ նրանք ոստիկանության կողմից ենթարկվում են հետապնդումների, հալածանքների ու բռնությունների:

«Դա խնդիր է, քանի որ ոստիկանությունն ամեն գիշեր գալիս է այստեղ, մարդկանց բռնության ենթարկում: Անհնար է այստեղ մնալ»,- նշում է փախստական Սաիդը:

Մարդասիրական կազմակերպությունները քննադատում են իշխանություններին ներգաղթյալների ծանր իրավիճակի համար: Անցած հուլիս Ֆրանսիայի իշխանությունները խոստացել էին տրամադրել ջուր և սանիտարական պայմաններ ստեղծել վերջիններիս համար, ինչպես նաև բացել երկու հատուկ կենտրոններ քաղաքից դուրս: Դատարանը կարգադրել էր բարելավել նաև այն ներգաղթյալների պայմաններն, ովքեր փորձում են տեղափոխվել Մեծ Բրիտանիա:

Կալեի քաղաքապետ Նատաշա Բոչարթը նշում է, որ քաղաքի շրջակայքում են հաստատվել 800-1000 ներգաղթյալներ: Նրանցից ոմանք խախտել են օրենքներ և կարող են ենթարկվել պատասխանատվության: Նախկինում «ջունգլի» անունով ճամբարում նարգաղթյալների թիվը հասնում էր 10 հազարի:

Քաղաքի բնակչությունը շարունակում է բողոքել ներգաղթյալներից, ովքեր, ըստ Կալեի բնակիչների, խախտում են նրանց անդորրը, զբաղվում են հարբեցողությամբ ու մանր հանցագործություններ իրականացնում: Նրանք պնդում են, որ ներգաղթացների որակն այժմ տարբերվում է նախկինում եկած ներգաղթացներից:

«Ներգաղթյալների առաջին հոսքով եկածները ընտանիքներ էին, հանգիստ ու շատ հաճելի մարդիկ: Իսկ այս նոր ներգաղթածները մեծ մասամբ երեխաներ են 15,18 և 20 տարեկան»,- ասում է Կալեի բնակիչը, ով չցանկացավ ներկայանալ:

Նա ցուցադրեց մի տեսանյութ, ուր ներգաղթյալների երկու խմբեր կռվում են միմյանց դեմ, որի արդյունքում ոստիկանությունը ստիպված էր միջամտելու:

Նախագահ Էմանուել Մաքրոնը կոչ է արել կառավարությանն արագացնել ապաստան տրամադրելու գործընթացը և ներգաղթյալների համար համապատասխան պայմաններ ապահովել: Սակայն Ֆրանսիայի իշխանությունները հրաժարվել են Կալեում նոր հատուկ ընդունող կենտրոն բացելու մտքից՝ ընդգծելով, որ այսպիսով այստեղ կգան ավելի շատ ներգաղթյալներ:

Facebook Forum

XS
SM
MD
LG