Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի համար Մերձավոր Արեւելքում թիվ մեկ խնդիրն Իրանն է


ԱՄՆ-ի համար Մերձավոր Արեւելքում թիվ մեկ խնդիրն Իրանն է
please wait

No media source currently available

0:00 0:02:02 0:00

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, որը Քաթարի մայրաքաղաք Դոհա է ժամանել ահաբեկչության դեմ համատեղ պայքար ծավալելու շուրջ քննարկումներ անցկացնելու նպատակով, մտահոգված է այս ու հարեւան երկրների միջեւ լարված հարաբերությունների փաստով։

Դոհայում մամուլի ասուլիսի ժամանակ նա հորդորել է այս երկրներին հարթել միմյանց միջեւ տարաձայնությունները՝ խոստանալով, որ Միացյալ Նահանգները, առանց լուծման իր տարբերակները պարտադրելու, կօգնի նրանց հարթել դիվանագիտական հակասությունները։

՝՝Այս հակասությունները շարունակվում են արդեն հինգ ամիս, ինչը բացասական մեծ հետեւանքներ է հարուցում տնտեսության ու ռազմական բնագավառներում։ Դրա ազդեցությունն իրենց վրա են կրում մի շարք երկներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը՛՛, ասել է Թիլերսոնը։

Հիշեցնենք, որ Պարսից ծոցի երկրները եւ Եգիպտոսը մեղադրում են Քաթարին՝ Իրանի աջակցությունը վայելող զինյալներին իր տարածքում ապաստան տալու մեջ։ Մեղադրանքները հերքում են ե՛ւ Դոհան ե՛ւ Թեհրանը։ Վերջինս, ըստ ԱՄՆ-ի մեղադրանքների, աջացկել է Իրաքում ու Սիրիայում Դաեշի դեմ պայքարող զինյալներին, սակայն միեւնույն ժամանակ՝ ֆինանսավորել ԱՄՆ-ի, Իսրայելի ու Եվրոպական միության կողմից ահաբեկչական համարվող Համաս խմբավորմանը ու օգնել Եմենի զինված խմբերին։

Իրաքն ու Սաուդյան Արաբիան կիրակի օրը հիմնեցին համատեղ մի մարմին, որը պիտի համակարգի երկու երկրների հակաահաբեկչական գործողությունները։ Արարողույթանը ներկա էր ԱՄՆ-ի պետքարտուղարը։ Հայտարարելով, թե Դաեշի դեմ պայքարն արդեն մոտենում է ավարտին, նա ասաց նաեւ, թե Իրանի զինյալները պիտի հեռանան Իրաքից։

՝՝Իրաքում ներկայումս գտնվող օտար բոլոր զինյալները պիտի վերադառնան իրենց եկրներ եւ թույլ տան Իրաքի ժողովրդին իրենց վերահսկողությունը վերահաստատել իրենց տարածքների վրա։ Իրաքի ժողովրդին պետք է թույլ տալ հարեւանների օգնությամբ վերականգնել իրենց կյանքը՛՛, ասաց Թիլերսոնը։

Իրաքի ու Սաուդյան Արաբիայի միջեւ համագործակցություն է հաստատվում երկու երկրների միջեւ տասնամյակներ տեւած լարված հարաբերություններից հետո։ Ըստ կնքված գործարքի, կողմերը համաձայնում են օգնել Իրաքին վերականգնողական աշխատանքներում։ Ինչպես Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ-Ջուբեիրն է ասել, իրենք այժմ փորձում են վերագտնել այն, ինչ կորսվել էր փոխադարձ անվստահության տարիներին։

Նրա հետ համամիտ է Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին, որի երկիրն այժմ կանգնած է եռամյա պատերազմից հետո ոտքի կանգնելու դժվարությունների առջեւ։ Բայց քրդերը, որոնք կենտրոնական դեր ունեցան Դաեշի դեմ պայքարում, անցյալ ամիս հռչակեցին անկախություն Իրաքից, ինչն առաջ բերեց նոր լարվածություն երկրի հյուսիսում։

Սակայն ԱՄՆ-ի համար թիվ մեկ խնդիրը շարունակում է մնալ Իրանը։

Facebook Forum

XS
SM
MD
LG