Մատչելի հղումներ

Ճապոնիայի ընտրություններում հաղթել է գործող վարչապետի կուսակցությունը


Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն զրուցել է լրագրողների հետ երկրում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, որի արդյունքում իր կուսակցությունը ստացել է խորհրդարանի ստորին պալատի պատգամավորական մանդատների երկու երրորդը:

«Մենք հույս ունենք կարգավորել Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային ծրագրերի, ինչպես նաև ճապոնացի պատանդների հետ կապված հիմնախնդիրները: Մենք կխորացնենք համագործակցությունը միջազգային հանրության հետ՝ թույլ տալով Հյուսիսային Կորեային փոխելու իր ուղեգիծը: Ես վերահաստատում եմ պատրաստակամությունս պաշտպանելու մարդկանց կյանքերն ու ցանկացած հանգամանքներում նրանց խաղաղ ապրելու իրավունքը»,- հայտարարել է Ճապոնիայի վարչապետը:

Նա հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի հիմնախնդիրը կլինի նախագահ Դոնալդ Թրամփի Ճապոնիա կատարվելիք այցի ընթացքում քննարկվող հարցերից մեկը:

Վարչապետ Աբեն օգտագործել է իր բարձր հանրային վարկանիշը՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար: Նրա կոշտ դիրքորոշումը Հյուսիսային Կորեայի հետ կապված հարցում օգնել է գործող վարչապետին ապահովել իր կուսակցության հաղթանակը ընտրություններին:

Սակայն Ճապոնիայի հանրությունը մնում է պառակտված վարչապետ Աբեի առաջ քաշած առաջարկի շուրջ, որը երկրի ռազմական գերատեսչություններին տալիս է ավելի մեծ լիազորություններ՝ արտաքին սպառնալիքներին դիմակայելու և երկրի դաշնակից Միացյալ Նահանգներին աջակցելու համար:

Նախագահ Թրամփի Փհենյանին ուղղված ռազմատենչ հայտարարությունները մտահոգություն են առաջացրել երկրի ընդդիմության շրջանում: Վերջիններս ընդգծում են, որ ռազմական ուժի կիրառման սահմանափակումների վերացումը կստիպի Ճապոնիային ներգարվվել այն հակամարտություններում, որտեղ ակտիվ դերակատարություն ունի Միացյալ Նահանգները:

Facebook Forum

XS
SM
MD
LG