Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի օրենսդիրներն աշխատում են առցանց գովազդների մասին օրենքի նոր նախագծի վրա


Այսօր, երբ ԱՄՆ-ի Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին մնացել է մեկ տարի, օրենսդիրներն աշխատում են երկկուսակցական մի ծրագրի վրա, որի նպատակը Միացյալ Նահանգներում քաղաքական առցանց գովազդները կարգավորելն է:

Այս հարցն այսօր ավելի է արդիականացել այն կասկածների պատճառով, ըստ որոնց Ռուսաստանն ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից առաջ հսկայական գումարներ էր ծախսել առցանց գովազդի համար:

Օրենքի նախագիծը ներկայացրել են Դաշնային կառավարության ընտրությունների հարցերով զբաղվող կանոնադրության հանձնաժողովի գլխավոր անդամներից դեմոկրատ սենատոր Էմի Քլոբուչարը եւ Վիրջինիա նահանգից ընտրված դեմոկրատ սենատոր Մարք Ուորները: Նախագծի նպատակը, Քլոբուչարի խոսքերով, առցանց քաղաքական գովազդների հարցում թափանցիկություն ապահովելն է:

Նախագիծը պահանջում է, որ ‘’Ֆեյսբուք’’-ի կամ ‘’Թվիթեր’’-ի նման սոցիալական ցանցերը պահպանեն ընտրությունների գովազդների հետ կապված բոլոր տեղեկությունները եւ նույն օրենքը կիրառել քաղաքական եթերային հաղորդումների ու տպագիր գովազդների դեպքում:

Դաշնային ներկա օրենքների համաձայն, հեռուստատեսությունն ու ռադիկայանները պարտավոր են հանրության համար հասանելի դարձնել տվյալ քաղաքական գովազդի մասին բոլոր տվյալները: Դա վերաբերում է նրան, թե ով է անցկացնում գովազդը, երբ է այն եթեր արձակվում եւ ինչ արժե այն:

Նոր նախագիծը պահանջում է, որ ընկերություններն ամեն ջանք ներդնեն ապահովելու համար, որ ընտրություններին առնչվող որեւէ գովազդ պատվիրված չլինի օտար քաղաքացու կողմից:

Հիշեցնենք, որ ‘’Ֆեյսբուք’’-ը պարզել էր, որ իր կայքում հայտնված գովազդները կապ են ունեցել ռուսական ինտերնետային մի գործակալության հետ, եւ որ այդ գովազդները հասանելի են եղել մոտավորապես տասը միլիոն օգտատերի:

Դեմոկրատ երկու սենատորների ներկայացրած նախագիծը հավանության է արժանացել հանրապետական կոնգրեսական Ջոն Մաքքեյնի կողմից: Վերջինս Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի նախագահն է:

‘’Ֆեյսբուք’’-ի, ‘’Գուգըլ’’-ի ու ‘’Թվիթեր’’-ի պատասխանատու պաշտոնյաները ստանալու են օրենքի այս նախագծի շուրջ իրենց տեսակետներն արտահայտելու հնարավորություն, երբ հաջորդ ամիս բաց լսումներ անցկացվեն Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովում:

Facebook Forum

XS
SM
MD
LG