Մատչելի հղումներ

Թուրքիայում իմամները ստացել են պաշտոնապես ամուսնացնելու իրավունք


Վերջերս Թուրքիայի խորհրդարանն ընդունել է նոր օրենք, որով իմամներին տրվել է պաշտոնապես ամուսնություն իրականացնելու իրավունք: Նախկինում Թուրքիայում այդ իրավունքն ունեին միայն պետական մարմինները, քանի որ Թուրքիան աշխարհիկ պետություն է:

Այս նոր օրենքը սուր քննադատության է ենթարկվել հանրության և քաղաքական ընդդիմության կողմից: Ընդդիմությունը մեղադրում է իշխող կուսակցությանը կրոնի միջոցով հանրային կյանքը վերահսկելու փորձի մեջ, որը, ըստ ընդդիմության, հակասահմանադրական է:

Հիմնական մտավախությունն այն է, որ այս միջոցով կօրինականացվեն անչափահասների ամուսնությունները: Կանաց իրավունքների պաշտպանության խմբերը ահազանգում են, որ իմամներն արդեն իրականացրել են անչափահաս աղջիկների ամուսնություններ կրոնական ծիսակատարության միջոցով:

Նախագահ Էրդողանը պաշտպանում է այս նոր օրենքը՝ փորձելով այսպիսով համախմբել կրոնական գաղափարախոսությամբ առաջնորդվող ընտրողներին նախքան նախագահական ընտրությունները: Ըստ Էրդողանի, այս օրենքը կօրինականացնի ամուսնությունները հատկապես պահպանողական գյուղական շրջաններում, որտեղ դրանք հիմնականում իրականացվում են իմամների կողմից:

Նախկինում նախագահ Էրդողանի քաղաքական օրակարգում ընդգրկված էին կանանց իրավունքների պաշտպանության հետ կապված հարցեր, սակայն վերլուծաբանները փաստում են, որ վերջին շրջանում նրա կուսակցությունը հրաժարվում է բարեփոխումներից՝ էլ ավելի հակվելով դեպի ավտորիտարիզմ, հատկապես վերջին հեղաշրջման փորձից հետո: Կանանց պաշտպանության բազմաթիվ կազմակերպություններ ու խմբեր, հատկապես քրդական շրջաններում, փակվել են պետության կողմից:

Իրավապաշտպաններն ահազանգում են ընդդեմ պետության գործողությունների այս հարցերի շուրջ:

Facebook Forum

XS
SM
MD
LG