Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռաջոյը մինչև հինգշաբթի օրը վերջնագիր էր ներկայացրել Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուջդեմոնթին՝ անկախության հռչակման հարցի վերաբերյալ վերջնական պատասխան տալու համար:
Անցած շաբաթ Պուջդեմոնթն արել էր անկախության խորհրդանշական հռչակում, սակայն նշել, որ զերծ է մնում պաշտոնական որևէ քայլերից՝ Մադրիդի հետ երկխոսություն ծավալելու համար: Նա վերահաստատել է իր դիրքորոշումը հինգշաբթի օրը հրապարակած նամակում:
Իսպանիայի վարչապետի գրասենյակն արագ արձագանքել է դրան՝ ընդգծելով, որ վարչապետը նախատեսում է շաբաթ օրը հրավիրել կառավարության հատուկ նիստ, ուր կքննարկվի երկրի սահմանադրության 155-րդ հոդվածը: Այն կառավարությանը հնարավորություն է տալիս չեղարկել Կատալոնիայի ինքնավարության որոշ կամ բոլոր լիազորությունները:
Կատալոնիայում տեղի ունեցած անկախության հանրաքվեի ընթացքում ձայների մեծ մասը տրվել է ի օգուտ անկախությանը, սակայն մասնակիցների թիվը կազմել է ընտրողների ընդհանուր թվի մոտ 40 տոկոսը, քանի որ անկախության հակառակորդները բոյկոտել էին հանրաքվեն:
Իսպանիայի կառավարությունը չի ճանաչում հանրաքվեն՝ այն որակելով անօրինական:
Facebook Forum