Մատչելի հղումներ

Եռակողմ քննարկումներ Սեուլում Հյուսիսային Կորեայի խնդրի վերաբերյալ


Սեուլում ընթացան ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի ու Ճապոնիայի միջեւ եռակողմ քննարկումներ Հյուսիսային Կորեայի ճգնաժամի շուրջ: Քննարկումներին մասնակցած ԱՄՆ-ի փոխպետքարտուղար Ջոն Սուլիվանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է ապավինել խնդրի դիվանագիտական կարգավորմանը և այլ երկրների աջակցությանը՝ Հյուսիսային Կորեայի նկատմամբ ճնշումներ իրականացնելու հարցում:

«Մենք հավատարիմ ենք դիվանագիտական ուղով խնդրի կարգավորմանը, ինչպես նաև այն մոտեցմանը, որ Հյուսիսային Կորեայի նկատմամբ պետք է ճնշում կիրառվի ոչ միայն մեր դաշնակիցների, այլ նաև մյուս երկրների կողմից, ներառյալ Չինաստանի, Ռուսաստանի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այլ անդամների, որոնք բազմիցս քվեարկել են Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներ սահմանելու օգտին վերջինիս գործողությունների, անօրինական վարքագծի ու փորձարկումների պատճառով»,- ասել է փոխպետքարտուղար Սուլիվանը:

Իր խոսքում ԱՄՆ-ի փոխպետքարտուղարը ներկայացրել է ամերիկյան կողմի հիմնական նպատակներն այս հիմնախնդրի շուրջ:

«Մեր նպատակն է այդ ճնշման միջոցով ստիպել Հյուսիսային Կորեային վերադառնալ բանակցությունների սեղանին առանց որևէ նախապայմանի, որպեսզի մենք հասնենք Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը»,- նշել է Սուլիվանը:

Իր հերթին Հարավային Կորեան ընդգծել է, որ դիտարկում է Փհենյանի նկատմամբ սեփական պատժամիջոցների սահմանման հնարավորությունը:

«Եթե Հյուսիսային Կորեան շարունակի սրել իրավիճակը, մենք կարող ենք դիտարկել բազմաթիվ տարբերակներ: Մենք դիտարկում ենք սեփական պատժամիջոցների սահմանում Հյուսիսային Կորեայի դեմ»,- հայտարարել է Հարավային Կորեայի փոխարտգործնախարար Լիմ Սունգ Նամը:

Իսկ Ճապոնիայի ներկայացուցիչն ընդգծել է միասնական ջանքերի ու համագործակցության անհրաժեշտությունը հյուսիսկորեական ճգնաժամի հաղթահարման հարցում:

«Ընդհանուր նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի ու Ճապոնիայի համագործակցությունը: Մեզ անհրաժեշտ է նաև հավելյալ ջանքեր գործադրել Չինաստանին ու Ռուսասատնին ներգրավելու ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերն ամբողջապես իրականացնելու ուղղությամբ»,- ասել է Ճապոնիայի փոխարտգործնախարար Շինսուկե Սուգիաման:

Հյուսիսային Կորեան օրերս հայտարարել էր, որ իրավասու է ունենալ միջուկային զենք ինքնապաշտպանությունից դրդված եւ շարունակելու է հրթիռային ու միջուկային փորձարկումները։

Facebook Forum

XS
SM
MD
LG