Մատչելի հղումներ

Խորանում է համագործակցությունը Հայաստանի ու Կալիֆորնիայի միջեւ


Վաշինգտոնից Սան Ֆրանցիսկո է ժամանել Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի գլխավորությամբ։ ԱՄՆ-ի մայրաքաղաքում պատվիրակությունը մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի ամենամյա հանդիպմանը։

Հայաստանի պետական պարտքը 2008թ․ ճգնաժամից հետո քառապատկվել է եւ արդեն՝ հատել վեց միլիարդ դոլարի սահմանը։ Համաշխարհային բանկը եւ Արժույթի միաջազգային հիմնադրամը Հայաստանի խոշորագույն պարտատերերից են։ Սան Ֆրանցիսկոյում Վաչե Գաբրիելյանը «Ամերիկայի Ձայնին» ասաց, որ չնայած դրան, իրենք ԱՄՀ-ի հետ քննարկել են նոր ծրագրի հնարավորությունները։

ՀՀ պատվիրակությունը Համաշխարհային բանկին ներկայացրել է վարկային ծրագրերի պորտֆելի կատարողականը, ինչպես նաեւ՝ քննարկել նոր ծրագրերի հնարավորությունը, որը կբխի Հայաստանի զարգացման հեռանկարներից։ Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաեւ ԱՄՆ-ի Պետքարտուղարությունում, որտեղ քննարկվել են հայ-ամերիկյան հանձնաժողովի աշխատանքի հարցերը։

Հայաստանյան պատվիրակությունը Սան Ֆրանցիսկո էր այցելել Կալիֆորնիայի նահանգապետ Ջերրի Բրաունի հետ հանդիպելու եւ հայ-կալիֆորնիական համագործակցությունը խորացնելու շուրջ հարցեր քննարկելու համար։ Կալիֆորնիայի նահանգապետը առաջ է քաշել բնապահպանական ծրագիր, որի շրջանակներում ըստ Փարիզի կլիմայական համաձայնագրի, ջերմոցային գազերի արտանետումների ծավալը կրճատելու աշխատանքներին կարող են միանալ նաեւ առանձին մարզեր ու համայնքներ։ Հայաստանի երեք մարզեր ցանկանում են միանալ այդ ծրագրին։

Կալիֆորնիայի հետ քննարկվել է նաեւ փոխըմբռնման հուշագիր, որը հիմնականում վերաբերում է տնտեսական հարաբերություններին։ Երկու կողմերի միջեւ առկա է լավ փորձ նաեւ այլ բնագավառներում։ Մասնավորապես, Հայաստանում անկախության առաջին տարուց ի վեր գործում է Հայաստանի Ամերիկյան Համալսարանը, որը ՀՀ կրթության նախարարության, Հայկական բարեգործական ընդհանուր միության եւ Հարավային Կալիֆորնիայի Համալսարանի համատեղ ձեռնարկ է։ Այս հուշագրով նախատեսվում է նաեւ վերկանգնվող էներգետիկայի բնագավառում տարբեր ծրագրերի համադրման քննարկումներ, առեւտրական հարաբերությունների խորացման հնարավորություններ։ Այս հարաբերությունների խթանման համար Հակաստանի կառավարությունը 2018 թվականին նախատեսում է Լոս Անջելեսում հիմնել Հայաստանի առեւտրական ներկայացուցչի գրասենյակ։

Փոխվարչապետը նշեց, որ տնտեսական հարաբերությունների խթանման մյուս գործիքը՝ կրկնակի հարկումից խուսափելու վերաբերյալ համաձայնագիրը, այժմ գտնվում է տեխնիկական քննարկման փուլում, եւ այն ավելի առարկայական կներկայացվի առաջիկայում նախատեսվող հայ-ամերիկյան հանձնաժողովի ժամանակ։ Այս հարցը քննարկվել ինչպես ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում, այնպես էլ՝ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունում։ Որոշակի հարցադրումներ են բարձրացվել նաեւ Կոնգրեսում։

Ամերիկյան կողմը հաճախ որպես ներդրումների եւ տնտեսական հարաբերությունների զարգացման խոչընդոտ է նկատում Հայաստանում կոռուպցիայի տարածումը։ Վաչե Գաբրիելյանի խոսքով, էթիկայի հանձնաժողովին ավելի մեծ լիազորություններ տալը եւ որպես հակակոռուպցիան կանխարգելիչ մարմնի իրավասություն ընձեռելը հավանության է արժանացել ԱՄՆ-ի կողմից։ Ամերիկացիները համարում են, որ այս բնագավառում կա որոշակի առաջընթաց։ Նրանք նաեւ առաջարկել են խորացնել բնակչության շրջանում բացատրական աշխատանքը։

Աղասի Ենոքյան

Facebook Forum

XS
SM
MD
LG