Մատչելի հղումներ

31-ամյա Սեբաստիան Քուրցը՝ պոպուլիզմի խորհրդանիշ


Եվրոպան շուտով կունենա իր ամենաերիտասարդ առաջնորդը, երբ 31-ամյա Սեբաստիան Քուրցը ստանձնի Ավստրիայի կանցլերի պաշտոնը։ Իսկ Եվրոպայի ղեկավարները մտահոգ են այստեղ խորացող պոպուլիստական դրսեւորումներով։

Ավստրիայում կիրակի օրն անցկացված ընտրությունների արդյունքում արտաքին գործերի երիտասարդ նախարար Սեբաստիան Քուրցի կուսակցությունը տարավ հաղթանակ։ Սակայն, ստանալով ձայների միայն 31 տոկոսը, Քուրցը չի ստանում միայնակ կերպով կառավարություն կազմելու հնարավորություն։

Քուրցը հաղթեց հիմնականում ներգաղթի դեմ կոչերով իր քարոզարշավի արդյունքում։ Բացի այդ երկրորդ տեղում հայտնվեց Ավստրիայի ծայրահեղ աջթեւային ՝՝Ազատություն՛՛ կուսակցությունը, ինչը նշանակում է, որ այս երկրում տեղի է ունենում քաղաքական խոշոր տեղաշարժ դեպի աջ։
՝՝Ժողովրդական՛՛ կուսակցության առաջնորդ Քուրցը խոստանում է զրոյի հասցնել անօրինական փախստականությունը։ ՝՝Ով փորձում է անօրինական եղանակով անցնել այստեղ, պիտի կանգնի հենց սահմանի վրա ու հետ ուղարկվի՛՛, հայտարարում է նա։

Ինչպես Բրյուսելից գործող Բաց Եվրոպա վերլուծական կենտրոնի քաղաքական վերլուծաբան Լեոպոլդ Թրաուգոթն է ասում, ՝՝Աջթեւային պոպուլիզմը մեռած չէ Եվրոպայում, ու հատկապես մեռած չէ Ավստրիայում։ Այս երկիրը 2Օ15 թվականի փախստականության հետ կապված ճգնաժամի օրերին ամենամեծ թվով փախստականներ ընդունած երկրների շարքում էր։ Ու հենց այդ պատճառով էր, որ նախընտրական արշավը հենվեց հենց այդ խնդրի վրա՝ ավելի զարկ տալով պոպուլիզմին՛՛։

Այս պահին, ասում են վերլուծաբանները, Եվրոպան մտածում է պոպուլիզմի առաջընթացը կանգնեցնելու մասին։ Սակայն դա այնքան էլ դյուրին աշխատանք չէ։ Ավստրիայի հետ միասին Եվրոպայի այլ հատվածներում եւս սովորական քաղաքացիներն ունեն նույն մտահոգությունները, երբ լոբալիզացիայի, տնտեսական ճգնաժամերի ու թվայնացման այս ժամանակներում մարդիկ կորցնում են իրենց աշխատատեղերը։

Քաղաքական վերլուծաբան Ալեքսանդրա Զիիգելի խոսքերով,՝՝Հատկապես ավելի ցածր կրթություն ունեցող անձինք հայտնվում են մի կացության առջեւ, երբ համոզվում են, որ այլեւս հետ են մնացել ժամանակից ու աշխատանքի շուկայի պահանջներից՛՛։

Ու եթե Քուրցը հաջողությամբ կազմի կոալիցիոն կառավարություն, որի արդյունքներից գոհ լինի միջին ավստրիացին, Եվրոպական միությունն ավելի ու ավելի կհավատա, որ Միությունից դուրս գալու մասին 2Օ16 թվականին Մեծ Բրիտանիայի որդեգրած ուղին հենց պոպուլիզմի հաղթարշավի սկիզբն էր։

Facebook Forum

XS
SM
MD
LG