Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգների հայկական լոբբիի մասին գիտեն բոլորը, սակայն, շատերը տեղյակ չեն, թե իրականում ինչպես է հայ համայնքին հաջողվում ազդել Միացյալ Նահանգների իշխանությունների վրա եւ ինչպես անցյալում կարճ նամակի միջոցով Միացյալ Նահանգների հայ համայնքին հաջողվեց մի քանի ժամով դադարեցնել ամբողջ Սպիտակ տան աշխատանքները:

Դուք այժմ ականատեսն եք իրական ժողովրդավարության՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը զանգահարում է ԱՄՆ-ի հայ համայնքի ներկայացուցիչներին, կոչ անելով նրանց ազդել իրենց կոնգրեսականների, սենատորների, նահանգեպետերի վրա, չէ որ իրական ժողովրդավարության պայմաններում ընտրյալ իշխանությունները պարտավոր են հաշվի առնել իրենց ընտրողների պահանջները:

Հայ դատի հանձնախմբի Capital Gateway ծրագրի տնօրեն Թերեզա Երիմյանի խոսքով, Ամերիկայի հայ համայնքը հզոր է այնքան ժամանակ, որքան կարողանում է բարձրաձայնել իր խնդիրները.

«Մենք կարող ենք առաջ տանել թե՛ Հայոց ցեղասպանության, թե՛ Արցախի հարցը եւ այլ հարցեր, որովհետեւ մեկ առ մեկ մարդիկ վերցնում են իրենց հեռախոսները, զանգում են եւ ասում՝ սա է մեր խնդիրը, սա է մեզ համար կարեւոր եւ ուզում ենք, որ մեր ներկայացուցիչները իրենց ձայնը բարձրացնեն»:

Հատկանշական է, որ միայն ժողովրդավար երկրներում է հայ համայնքն ի վիճակի ազդեցություն ունենալ սեփական կառավարությունների վրա, ոչ միայն պաշտպանելով իրենց իրավունքները, այլեւ ստիպելով այլ պետություններին հաշվի նստել տեղի հայերի պատմական հայրենիքի՝ Հայաստանի խնդիրների հետ: Մինչդեռ ոչ ժողովրդավարական պետություններում նույնիսկ մեծաթիվ հայ համայնքն անզոր է ազդել իշխանության վրա:

Թերեզա Երիմյանի խոսքով, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը բազմաթիվ խնդիրներով է դիմել ԱՄՆ-ի հայ համայնքին՝ կոչ անելով հեռախոսով կամ նամակների միջոցով կապվել իրենց տեղական իշխանությունների հետ.

«Պետք է այնքան զանգահարել, այնքան էլեկտրոնային նամակներ ուղարկել, որ բոլոր կոնգրեսական ներկայացուցիչները նրանց առօրյա գործը դարձնեն մեր համայնքի խնդիրները»:

Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչը պատմում է, ինչպես շուրջ մեկ տասնամյակ առաջ Միացյալ Նահանգների Պետքարտուղարության որոշումներից մեկն այնքան էր զայրացրել տեղի հայ համայնքին, որ համայնքն իր օրինական պահանջը բարձրաձայնելով, մի քանի ժամով խափանել էր Սպիտակ տան աշխատանքը.

«10-15 տարի առաջ էր, երբ Հայաստանը Պետքարտուղարությանը գրանցել էին ահաբեկիչներին աջակցողների ցանկում: Այնքան զանգեր, էլեկտրոնային նամակներ եւ ֆաքսեր ուղարկեց տեղի հայ համայնքը , որ Սպիտակ տան հեռախոսային լարերն անջատվեցին եւ Քոնդոլիզա Ռայսը, ով այն ժամանակ պետքարտուղար էր, անձամբ պետք է իր առօրյա գործերը թողներ եւ զբաղվեր մեր համայնքի հարցերով»:

Մի քանի ժամվա մեջ այդ օրը Միացյալ նահանգների հայ համայնքը Սպիտակ տուն ֆաքսով ավելի քան 8,000 բողոքի հաղորդագրություն ուղարկեց եւ Հայաստանի Հանրապետության շահերին չնպաստող որոշումը Միացյալ Նահանգների իշխանությունների կողմից չեղարկվեց: Եւ հենց սա էր իրական ժողովրդավարության արտահայտումը, երբ երկրի քաղաքացիներն ի վիճակի են իրենց պահանջը հասցնել իրենց ներկայացուցիչներին։

Facebook Forum

XS
SM
MD
LG