Մատչելի հղումներ

Քրդերի հանրաքվերից շուրջ 3 շաբաթ անց, Իրաքի զինված ուժերը հատուկ գործողություններ են իրականացրել Քիրքուքի մոտակայքում գտնվող նավթահանքերի շրջանում:

Իրաքի հանրային հեռուստատեսության փոխանցմամբ, երկուշաբթի օրը Իրաքի զինված ուժերը, Իրաքի վարչապետ ալ-Աբադիի հանձնարարականով, առաջ են շարժվել Քիրքուքի ուղղությամբ՝ գրավելով հսկայական տարածքներ և ռազմավարական նշանակության կարևոր հենակետեր, այդ թվում՝ K 1 օդային ռազմաբազան:

Քրդական կողմը հերքել է այս տեղեկատվությունը և ավելացրել, որ Իրաքի անվտանգության ծառայության գործողությունները միտված էին Քիրքուք քաղաքի, ինչպես նաև՝ այնտեղ գտնվող օդային ռազմակայանի և նավթահանքերի գրավմանը:

«Չգիտեմ ինչ է կատարվում, բայց մենք Թազայի շրջանում սկսեցինք մարտերը առավոտյան ժամը 4:00-ից: Ունենք բազմաթիվ զոհեր: Կորցրել ենք նաև կարևոր դիրքեր: Քրդական ուժերից ոմանք հետ են քաշվել առանց նույնիսկ որևէ դիմադրության, բայց մենք ամուր ենք պահում դիրքերը:», - հայտարարել է գեներալ Այուբ Յուսուֆ Սաիդը:

Դաեշ-ի զինյալները Քիրքուքը գրավել էին դեռ 2014 թվականին, սակայն նրանց պարտության մատնելուց հետո այն գտնվում է քրդերի վերահսկողության ներքո: Առայսօր Քիրքուք քաղաքի հարակաից շրջանների, այդ թվում՝ տեղի նավթահանքերի վերահսկողության վերաբերյալ Իրաքի կենտրոնական իշխանության հետ որևէ հստակ համաձայնություն ձեռք չի բերվել:

Տարածաշրջանում լարվածությունն աճեց շուրջ երեք շաբաթ առաջ՝ կիսաանկախ Իրաքյան Քրդստանում անցկացված հանրաքվեից հետո, որին մասնակցածների ավելի քան 93 տոկոսը կողմ էր քվեարկել անկախացմանը։

Նշենք, որ Աբադիի կառավարությունը, ինչպես նաև հարևան Թուրքիան և Իրանը մերժել էին հանրաքվեի արդյունքներն ու այն որակել` ոչ լեգիտիմ:

Միացյալ Նահանգները, չճանաչելով քրդերի հանրաքվեի արդյունքները, որակել էր այն ոչ լեգիտիմ և նշել էր, որ աջակցում է «միասնական» Իրաքին:

ԱՄՆ-ի կողմից գլխավորած կոալիցիայի ներկայացուցիչ, գնդապետ Ռայան Դիլոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Քիրքուքում տեղի ունեցող զարգացումներին և կոչ արել բոլոր կողմերին ձեռնպահ մնալ լարվածության տանող գործողություններից:

XS
SM
MD
LG