Մատչելի հղումներ

Եվրոպան հակադրվում է նախագահ Թրամփին Իրանի համաձայնագրի հարցում


Եվրամիությունը կողմ է հանդես գալիս Իրանի հետ միջուկային համաձայնագրի պահպանմանը և ԱՄՆ-ի կոնգրեսականներին կոչ է անում պատժամիջոցներ չսահմանել Իրանի դեմ նախագահ Թրամփի՝ Իրանի միջուկային համաձայնագրի վերաբերյալ որոշման համատեքսթում:

«Սա գործող համաձայնագիր է, որն անհրաժեշտ է մեր անվտանգության համար, և ես ակնկալում եմ համաձայնագրի շուրջ աջակցությունը»,- հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:

Գերմանիան և Ֆրանսիան ևս նախազգուշացրել են ԱՄՆ-ին, որ համաձայնագրի չեղարկումը կունենա լուրջ հետևանքներ խաղաղության հաստատման հարցում:

«Համաձայնագիրը կարևոր փաստաթուղթ է զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխարգելման ուղղությամբ, և մենք ցանկանում ենք, որ այն հարգվի: Մենք ևս ցանկանում ենք, որ Եվրամիությունը ճնշում գործադրի ԱՄՆ-ի Կոնգրեսի վրա՝ համաձայնագիրը վտանգի տակ չդնելու համար»,- ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե Դրիանը:

«Իմ առաջարկությունն է այն, որ անհրաժեշտ է անել ամեն ինչ, որ պահպանենք համաձայնագիրը, որպեսզի չվերադառնանք հակադրմանն ու ռազմական միջոցով խնդիրների կարգավորմանը»,- հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Սիգմար Գաբրիելը:

Համաձայնագրի պահպանման օգտին է հանդես գալիս նաև վերջերս Եվրամիությունը լքելու գործընթաց սկսած Մեծ Բրիտանիան, որը ԱՄՆ-ի մտերիմ դաշնակիցներից է:

«Որպես եվրոպացիներ կողմ ենք Իրանի համաձայնագրի հետագա իրականացմանը: Մեծ Բրիտանիան գտնում է, որ այն շատ կարևոր է անվտանգության պահպանման համար»,- ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Բորիս Ջոնսոնը:

Ֆեդերիկա Մոգերինին, ով 2015 թվականին գլխավորում էր համաձայնագրի շուրջ բանակցությունների եզրափակիչ փուլը, մի շարք հանդիպումներ ունեցավ փակ դռների հետևում՝ համաձայնագրի շուրջ իրավիճակը քննարկելու համար:

«Մենք դեմ ենք համաձայնագրի չեղարկամանն ու հույս ունենք, որ այն կպահպանվի և կիրականացվի բոլորի կողմից: Եվրամիությունը հավատարիմ է այս մոտեցմանը, որին չկա այլընտրանք»,- ասել է Մոգերինին:

Վերջինս կրկին ընդգծել է, որ համաձայնագիրը գործում է, իսկ Միջուկային Էներգիայի միջազգային գործակալությունն իր հերթին ընդգծել է, որ Իրանի գործողությունները համապատասխանում են համաձայնագրի դրութներին: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այն անվանել էր «երբևէ բանակցված ամենավատ համաձայնագիր»:

Facebook Forum

XS
SM
MD
LG