Մատչելի հղումներ

Սարգսյան-Ալիեւ հանդիպումը տեղի կունենա երկուշաբթի՝ Ժնեւում


Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը կհանդիպեն հոկտեմբերի 16-ին՝ Շվեյցարական Ժնև քաղաքում, հաղորդում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի փոխանցմամբ, Լեռնային Ղարաբաղի հարցով առաջիկա բանակցություններին անդրադարձ է եղել նաեւ կուսակցության գործադիր մարմնի նիստի ընթացքում, հաղորդում է Ազատություն ռ/կ:

«Հպանցիկ անդրադարձանք հաջորդ շաբաթվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Ժնևում կայանալիք հանդիպմանը, որը նախաձեռնել են Մինսկի խմբի համանախագահները», - ասաց Աշոտյանը։

Օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում հայտարարել էր, թե ղարաբաղյան կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը վերսկսվում է «առանց որևէ նախապայմանի»: - «Հայաստանը տարբեր տեսակի նախապայմաններ առաջ քաշելով՝ ցանկանում էր խափանել բանակցությունների վերսկսումը, բայց այժմ ստիպված է հրաժարվել այդ քաղաքականությունից», - ասել էր Ադրբեջանի ղեկավարը:

Ի պատասխան Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը հայտարարել էր, թե նախագահների հանդիպումից օրեր առաջ Ադրբեջանը փորձում է պատրանք ստեղծել, թե բանակցություններին ինքը թելադրողի դիրքերից է հանդես գալիս: - «Բաքվի հաշվարկները պարզունակ են՝ խուսափել նախորդ գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու պատասխանատվությունից», - նշել էր Հայաստանի նախագահի խոսնակը:

Խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ղեկավարող Աշոտյանը երեկ ընդգծեց՝ չնայած ադրբեջանցի պաշտոնյաների վերջին հայտարարություններին՝ Հայաստանի նախագահը, հավատարիմ լինելով բանակցային գործընթացի ձևաչափին, գնում է հանդիպման:

«Քանիցս շեշտել ենք մեր մոտեցումը, որ բանակցային գործընթացի հաջող ընթացքի համար հարկավոր է ստեղծել արժանահավատ միջավայր, անվտանգ միջավայր, միջադեպերի հետաքննության միջավայր, ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը վերապահել մոնիթորինգային ավելի մեծ լիազորություններ, ստեղծել միջադեպերի հետաքննության արժանահավատ մեխանիզմներ», - նշեց Աշոտյանը: - «Այսինքն՝ վերականգնել այն բոլոր կորցրած թույլ, բայց այնուհանդերձ գոյություն ունեցող կորցրած հավատի թելերը մեր հարևանների նկատմամբ, որոնք կային մինչև ապրիլյան պատերազմը: Հետևաբար բանակցային գործընթացը շարունակվում է, բայց այս փուլում ավելի կարևոր է այդ գործընթացի մեջ միջավայրի վերականգնումը, որը կարող է թույլ տալ ավելի լավատեսորեն նայել դեպի բանակցային ապագան»:

Երկու օր առաջ ԱՊՀ երկրների ղեկավարների հավաքին Սոչիում նույն սեղանի շուրջ էին գտնվում թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի նախագահները, այդուհանդերձ, Սարգսյան-Ալիև առանձին հանդիպում այդպես էլ տեղի չունեցավ: Իշխող ուժի փոխնախագահն ասաց, որ Ռուսաստանում հանդիպում չի եղել, քանի որ նման հանդիպում պարզապես նախատեսված չէր:

«Կարծում եմ՝ ավելի շատ լրատվական դաշտի որոշ գործիչներ էին ստեղծել ակնկալիք, որ այդ հանդիպումը կարող է կայանալ Սոչիում: Իրականում հանդիպման ձևաչափի առաջարկողը Մինսկի խմբի համանախագահներն են՝ ի դեմս Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, հետևաբար այստեղ որևէ ինտրիգ անիմաստ է փնտրել, թե ինչու չկայացավ Սոչիում այդ հանդիպումը: Չկայացավ, որովհետև նախատեսված չէր ի սկզբանե», - այս առնչությամբ մեկնաբանեց Արմեն Աշոտյանը:

Վերջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպել էին շուրջ մեկ ու կես տարի առաջ Սանկտ Պետերբուրգում: Հանդիպմանը ներկա էր նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Facebook Forum

XS
SM
MD
LG