Մատչելի հղումներ

Հայաստանում «Մայքրոսոֆթ»-ը բարձրացնում է հանրության իրազեկվածությունը


Տեղեկատվական տեխնոլոգիաներն այսօր սրընթաց զարգացում են ապրում աշխարհում: Հայաստանը ևս անմասն չէ այս գործընթացից, ուր ՏՏ-ները տնտեսական զարգացման գերակա ուղղություններից մեկն են: Հայաստանի վարչապետի խոսքերով, 2008-2016 թվականներին Հայաստանում այս ոլորտը գրանցել է ավելի քան 20 տոկոսանոց աճ, որը, ըստ վարչապետի, կարևոր նախապայման է այս ասպարեզում տարածաշրջանային կենտրոն դառնալու համար:

Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման առումով մեծ աշխատանքներ են տարվում, նշում է «Մայքրոսոֆթ»-ի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Լիանա Կորկոտյանը, ով ներկայացրեց համաշխարհային այս բրենդի ծավալած գործունեությունը Հայաստանում:

«Մեր հիմնական թիրախը կորպորատիվ սեգմենտն է ու գործարարները»,- ասում է Կորկոտյանը:

Նրա խոսքով, Հայաստանում ավելի ու ավելի նկատելի է դառնում տեղեկատվական տեխնոլոգիաների նկատմամբ գործարար միջավայրի վերաբերմունքի փոփոխությունը:

«Ուրախալի է, որ շատ բիզնեսներ սկսել են գիտակցել ՏՏ անհրաժեշտությունը և չեն դիտարկում այն որպես ուղակի մի ծախս»,-ասում է Կորկոտյանը:

Գրասենյակի տնօրենի խոսքերով, կարևոր մարտահրավերներից է անցումը դեպի թվայնացում, գործընթաց, որը առնչվում է ոչ միայն ՏՏ ոլորտին, այլ նաև բազմաթիվ այլ ասպարեզների հետ՝ դրականորեն ազդելով ոլորտի արդյունավետության վրա:

«Մայքրոսոֆթ»-ի հիմնական գործառույթներից մեկն էլ գործարարներին օգնելն է կիրառելու արդի տեխնոլոգիական գործիքներ, որոնք կբարձրացնեն դրանց արդյունավետությունն ու եկամուտը:

«Կարող է մի պահ թվալ, որ Հայաստանում թվային տրանսֆորմացիա տեղի չի ունենում, և այն զիջում է բազմաթիվ այլ զարգացած երկրներին, սակայն դա այդպես չէ»,- նշում է «Մայքրոսոֆթ»-ի գրասենյակի տնօրենը:

Իսկ այն հարցին, թե որքանով են տեղեկատվական տեխնոլոգիաները համաչափ զարգանում երկրում, Լիանա Կորկոտյանը նշում է, որ անշուշտ մայրաքաղաքից դուրս այս առումով առկա են խնդիրներ, սակայն իրավիճակը գնալով փոփոխվում է, և դրա վառ օրինակներն են

Հայաստանի մյուս երկու խոշոր քաղաքներում՝ Վանաձորում և Գյումրիում, այս ոլորտի զարգացման գրանցումը:

«Այսօր Գյումրին և Վանաձորը ոչնչով չեն զիջում Երևանին: ՏՏ կենտրոններ են բացվել ինչպես Գյումրիում, այնպես էլ՝ Վանաձորում»,- ասում է Կորկոտյանը:

Որպես խոշոր ընկերություն, «Մայքրոսոֆթ Հայաստան»-ն ակտիվորեն ներգրավված է մի շարք սոցիալական ոլորտներում, ներառյալ կրթության ոլորտում, ուր սերտորեն համագործակցում է կրթության նախարարության և դպրոցների տնօրենների հետ՝ մեծացնելով իրազեկությունն իր գործունեության և այս ոլորտին առնչվող հարցերի մասին:

Իրազեկության մեծացումը Հայաստանում ընկերության գերխնդիրներից մեկն է, ասում է «Մայքրոսոֆթ»-ի Հայաստանյան գրասենյակի տնօրենը: Այս առումով ընկերությունը հատկապես մեծ տեղ է տալիս արտոնագրված ծրագրերի օգտագործմանը, քանի որ, ըստ ընկերության գրասենյակի ղեկավարի, հաճախ մարդիկ չեն էլ գիտակցում, թե ինչ ռիսկեր է պարունակում ոչ արտոնագրված ծրագրի ներբեռնումը:

«Մարդիկ չեն գիտակցում, որ խախտում են օրենքը և ոչ արտոնագրված ծրագրով վտանգի տակ են դնում համակարգչում ունեցած իրենց տեղեկությունները»,- ընդգծում է Կորկոտյանը:

Միևնույն ժամանակ երիտասարդ սերնդի տեղեկատվական տեխնոլոգիաների յուրացման հարցում Լիանա Կորկոտյանը գտնում է, որ այս ոլորտում Հայաստանի մասնագետները ոչնչով չեն զիջում համաշխարհային բրենդերում աշխատող մասնագետներին:

Facebook Forum

XS
SM
MD
LG