ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 12-ին պիտի հանդես գա հայտարարությամբ այն մասին, արդյոք Իրանը հավատարիմ է մնում 2Օ15 թվականին կնքված միջուկային հարցերով պայմանագրին, թե՝ ոչ։
Իրանի հետ միջուկային հարցերով կնքված միջազգային համաձայնագիրն ուժի մեջ մտավ 2Օ16 թվականին։ Սակայն մինչեւ դա, պայմանագիրն անցել էր երկար ու ձիգ բանակցությունների ուղի։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներն ու Գերմանիան Իրանի հետ եկել էին համաձայնության, որ Թեհրանը հրաժարվում է միջուկային ռումբ պատրաստելու իր ծրագրից։ Որպես փոխհատուցում, հանվում էին Իրանի նկատմամբ մեկ տասնամյակ տեւած տնտեսական պատժամիջոցները։ Դրա արդյունքում Իրանը մուտք էր ստանում սառեցված վիճակում պահված միլիարդավոր դոլարների հաշիվները։
Սակայն, լինելով Օբամայի ժամանակաշրջանի խիստ քննադատն ու հակառակորդը, Թրամփը խոստացել էր նախագահ ընտրվելու դեպքում չեղյալ հայտարարել միջուկային գործարքը։ Նա նաեւ անցյալ ամիս ՄԱԿ-ի Գլխավոր համագումարի ժամանակ հայտարարեց, որ այդ գործարքն ԱՄՆ-ի կողմից երբեւիցե ստորագրված ամենավատ գործարքն է։
2Օ15 թվականին Սենատում հանրապետականների ջանքերով ընդունվեց օրենք, որի կետերից մեկը պահանջում է, որ նախագահը 9Օ օրը մեկ անգամ Կոնգրեսին ներկայացնի զեկույց այն մասին, Իրանը հավատարիմ է մնում գործարքին, թե՝ ոչ։
Ինչպես Ամերիկյան համալսարանից Ջոշ Ռովներն է ասում, ՝՝Կոնգրեսը գործելու համար ունենում է 6Օ օր ժամանակ, եթե նախագահը չի հաստատում գործարքը։ Դրանից հետո Կոնգրեսն է որոշում դիմել ինչ որ քայլի, կամ ընդհանրապես ոչինչ չանել։ Որեւէ քայլի դիմելու համար այն պետք է ստանա ձայների պարզ մեծամասնությունը՛՛։
Այժմ լայն քննարկում է սկսվել այն հարցի շուրջ, թե արդյոք նախագահի կողմից գործարքը չհաստատվելու դեպքում, այն կորցնում է ուժը։
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիքքի Հեյլիի խոսքերով, ՝՝Եթե նախագահը որոշի չհաստատել, որ Իրանը հավատարիմ է մնում գործարքին, չի նշանակում, որ ԱՄՆ-ը դուրս է գալիս Իրանի միջուկային պայմանագրից՛՛։
Սակայն ԱՄՆ-ի դաշնակիցներին այս ընթացքն ընդհանրապես դուր չի գալիս։
Ինչպես Եվրոպական միության արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին է ասում, ՝՝Միջազգային համայնքը չի կարող թույլ տալ, որ լուծարվի մի համաձայնագիր, որը մինչ այժմ լավ գործել է ու արդարացրել իրեն՛՛։
Եթե գործարքը չհաստատվի ու դրա արդյունքում այն կորցնի ուժը, Իրանը կարող է վերսկսել հարստացված ուրանի արտադրության աշխատանքները։
Այս մասին է խոսել Իրանի նախագահ Հասան Ռուհանին։ ՝՝Եթե գործարքից դուրս գա գործարքը ստորագրած որեւէ կողմ, մենք ամենայն ազատությամբ կդիմենք յուրաքանչյուր այնպիսի քայլի, որը բխում է զուտ մեր երկրի շահերից՛՛։
Եվ շատերն են ասում, որ եթե ԱՄՆ-ը դիմի քայլերի, որոնք ոտնահարում են գործարքով ստանձնած պարտավորությունները, հենց Վաշինգտոնը կարող է կանգնել միջազգային ասպարեզում մեկուսանալու տհաճ հետեւանքների առջեւ։
Facebook Forum