Մատչելի հղումներ

Թուրքիան քննադատում է ԱՄՆ-ին և ճանաչում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը


Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը մեղադրել է ԱՄՆ-ին անհամապատասխան և հուզական որոշում կայացնելու մեջ: Նախագահը ընդգծել է, որ Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների տրամադրման ժամանակավոր կասեցմամբ Միացյալ Նահանգները հավասարապես պատժել է ինչպես Թուրքիայի, այնպես էլ ԱՄՆ-ի քաղաքացիներին:

«Այս խնդիրները չեն նպաստում մեր երկրների հարաբերությունների զարգացմանը: Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ին լինել ավելի խոհեմ: Խնդիրները պետք է լուծվեն որքան հնարավոր է շուտ»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը:

Վարչապետը, սակայն, պաշտպանել է թուրքական իրավապահ մարմինների կողմից ԱՄՆ-ի հյուպատոսության աշխատակցի ձերբակալումն անցած շաբաթ, որի արդյունքում էլ կասեցվել է վիզաների տրամադրումը:

ԱՄՆ-ը դադարեցրել էր վիզաների տրամադրումը Թուրքիայի տարածքում գործող բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում՝ այսպիսով իր դժգոհությունը հայտնելով թուրքական կողմի գործողությունների վերաբերյալ: Ստամբուլում ամերիկյան վիզայի դիմողները երեքշաբթի օրը հանկարծակի են եկել, երբ իմացել են, որ նրանց հարցազրույցը վիզա ստանալու համար չեղարկվել է:

«Նրանք չեն տրամադրել որևէ տեղեկություն: Ասացին, որ էլեկտրոնային նամակ կուղարկենք և վերջ: Ուրիշ ոչինչ չեն ասել»,- ասում է վիզայի համար դիմողներից մեկը:

Ամերիկյան որոշմանը մի քանի ժամվա ընթացքում հաջորդել է թուրքական կողմի արձագանքը: Թուրքիան ևս դադարեցրել է վիզաների տրամադրումը ԱՄՆ-ի քաղաքացիներին: Պատասխան միջոցը ներառել է նաև էլեկտրոնային վիազաների տրամադրման դադարեցումն ու օդանավակայաններում վիզային ծառայությունների մատուցումը:

Այս իրադարձություններին զուգահեռ ընթանում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այցն Ուկրաինա, ուր վերջինս երեք ժամանոց առանձին հանդիպում ունեցավ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ: Չնայած վերջին շրջանում գրանցված ռուս-թուրքական հարաբերությունների որոշակի ջերմացմանը՝ նախագահ Էրդողանն այցի ընթացքում արեց մի շարք հուշագրավ հակառուսական հայտարարություններ: Մասնավորապես Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան չի ճանաչում Ղրիմի բռնակցումը Ռուսաստանի կողմից և ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Էրդողանն անդրադարձավ նաև Ղրիմի թաթարների հետ կապված խնդիրներին՝ ընդգծելով, որ Թուրքիան ուշադրությամբ հետևում է թաթարներին առնչվող հարցերին և երախտագիտություն հայտնեց Ուկրաինային Ղրիմի թաթարների իրավունքները պաշտպանելու համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG