Մատչելի հղումներ

Ռուսաստանը կոչ է անում ԱՄՆ-ին կշռադատված որոշում կայացնել Իրանի հարցում


Նախագահ Դոնալդ Թրամփը շուտով պետք է հանդես գա Իրանի միջուկային համաձայնագրի մասին իր որոշման հետ կապված հայտարարությամբ: Նա գտնում է, որ համաձայնագիրը չի բխում ԱՄՆ-ի շահերից:

Հինգշաբթի օրը Սպիտակ տանը նախագահը քննարկել է համաձայնագիրը ամերիկյան ռազմական գերատեսչությունների ղեկավարների հետ:

«Իրանյան վարչակարգը աջակցում է ահաբեկչությունը և Մերձավոր Արևելք արտահանում բռնություն, արյունահեղություն և քաոս, ուստի մենք պետք է վերջ տանք Իրանի շարունակական ագրեսիային և միջուկային նկրտումներին: Նրանց գործողությունները չեն համապատասխանում համաձայնագրի բնույթին»,- ասել է նախագահ Թրամփը:

ԱՄՆ-ի նախագահը պարտավոր է ամեն 90 օրը մեկ անգամ հանդես գալ համաձայնագրին Իրանի հավատարմության մասին հայտարարությամբ: Եթե նախագահը հայտարարի, որ Իրանի գործողությունները չեն համապատասխանում համաձայնագրին, ապա Կոնգրեսը կունենա 60 օր, որպեսզի վերականգնի պատժամիջոցները, որոնք վերացվել էին համաձայնագրի արդյունքում:

Միևնույն ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը կընդունի կշռադատված որոշում այս հարցի կապակցությամբ:

«Կարծում ենք, որ համաձայնագիրը միջազգային հանրության կարևոր ձեռքբերումներից մեկն էր, և դրա իրականացումը նպաստում է զանգվածային ոչնչացման զենքի չտարածմանը: Շատ կարևոր է պահպանել այն գործող ձևաչափում, և այս հարցում ԱՄՆ-ի մասնակցությունը չափազանց կարևոր է»,- ասել է Լավրովը:

Հիշեցնենք, որ 2015 թվականի Իրանի միջուկային համաձայնագիրը ստորագրել են Իրանը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան, Գերմանիան և Ռուսաստանը: Համաձայնագրով Իրանը դադարեցնում էր ուրանի հարստացման իր ծրագիրը, իսկ փոխարենը ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները վերացնում էին Իրանի դեմ սահմանված բազմաթիվ պատժամիջոցներ: Մինչև վերջին շրջանը Իրանը իրականացնում էր համաձայնագրի դրույթները:

Նախագահ Թրամփն այդ համաձայնագիրը որակել էր ամոթալի և ԱՄՆ-ի շահերին դեմ: Իրանի կողմից համաձայնագրին համապատասխանեցման մասին ԱՄՆ-ի նախագահի հայտարարության ժամկետը լրանում է հոկտեմբերի 15-ին:

Facebook Forum

XS
SM
MD
LG