Լաս Վեգասի ոստիկանությունը հայտնում է, որ հայտնաբերել է Սթեֆան Փեդոկին և նրա ընկերուհուն պատկանող «Հյունդայ Թաքսոն» մակնիշի ավտոմեքենան, որը փնտրում էր զանգվածային սպանության գործի շրջանակում:
Հիշեցնենք, որ կիրակի երեկոյան Լաս Վեգասում «Մանդալեյ Բեյ» հյուրանոցի 32-րդ հարկից Փեդոկը կրակ է բացել համերգի եկած ամբոխի ուղղությամբ՝ սպանելով 58 և վիրավորելով հարյուրավոր մարդկանց:
Հարյուրավոր մարդիկ մասնակցել են հինգշաբթի օրը Լաս Վեգասում կազմակերպված մոմավառությանը՝ նվիրված այն ոստիկանին, ով զոհվել է զինված հարձակման ժամանակ:
GoFundMe կայքում կազմակերպված դրամահավաքի գումարը հասել է 10 միլիոն դոլարի: Այն կօգտագործվի զոհերի ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու համար:
Միևնույն ժամանակ գործի քննությունը շարունակվում է: Լաս Վեգասի ոստիկանապետը հայտարարել է, որ ոստիկանությունն այժմ փորձում է բացահայտել, թե արդյոք Փեդոկին օգնել է որևէ մեկն այս ոճրագործության իրականացման ժամանակ:
«Այստեղից եզրակացնում ենք, որ նրան հավանաբար օգնել են, բայց մենք պետք է վստահ լինենք, որ դա այդպես է»,- ասում է ոստիկանապետը:
Շերիֆ Լոմբարդոն հայտնել է նաև, որ կարևոր է զրուցել այն մարդկանց հետ, ովքեր անձամբ ճանաչել են Փեդոկին:
Փեդոկի ընկերուհու փաստաբանը հայտարարել է, որ վերջինս ոչինչ չգիտեր Փեդոկի ծրագրած ոճրագործության մասին: Նա հանցագործության պահին կիրակի օրը գտնվում էր Ֆիլիպիններում:
Facebook Forum