Մատչելի հղումներ

Ղարաբաղյան հարցով միջնորդները Հայաստանում են


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) եւ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) այսօր Երեւանում հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ը: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

ԱԳՆ մամլո հաղորդագրության համաձայն, «հանդիպմանը շարունակվեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման վերաբերյալ քննարկումները»։ Մասնավորապես, քննարկվել է ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի, հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերի շուրջ։

Ավելի վաղ, Ազատություն ռ/կ հաղորդմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների հետ պատրաստվում է քննարկել Հայաստանի նախագահի հետ հանդիպման հնարավորությունը:

«Մեզ թվում է՝ Հայաստանը վերադառնում է բանակցային գործընթաց, և դա շատ կարեւոր հարց է», - ասել էր Ադրբեջանի նախագահը:

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 4-ին, ԱՄՆ-ի նորանշանակ Մինսկի խմբի համանախագահ Էնդրյու Շոֆերը Ղարաբաղ էր այցելել, իսկ հոկտեմբերի 5-ին՝ հանդիպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նախագահի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ ընդգծելով, որ նորանշանակ համանախագահը դիվանագիտական առաքելությունը ստանձնել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկայիս բավականին բարդ ժամանակահատվածում, Սերժ Սարգսյանը հաջողություններ է մաղթել նրան այդ կարեւորագույն առաքելության իրականացման գործում:

Facebook Forum

XS
SM
MD
LG