Մատչելի հղումներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ժամանել է Թեհրան, ուր հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Երկու երկրների հարաբերությունները նկատելիորեն ջերմացել են: Չնայած Սիրիայի հարցում եղած տարաձայնություններին՝ Իրանի և Թուրքիայի դիրքորոշումները համընկնում են Իրաքի քրդերի հանրաքվեի հարցում:

«Ոչ՛ Իրանը, ոչ էլ Թուրքիան չեն ընդունի կրոնական և էթնիկ լարվածություն, որը իրականացվում է օտարների և դավադիրների կողմից մեր տարածաշրջանում: Մեր երկրները չեն ընդունի որևէ պարագայում տարածաշրջանի մասնատում: Երկու երկրներն էլ Իրաքը համարում են անկախ երկիր, Սիրիան՝ ևս, ու մենք որևէ պարագայում չենք ընդունի աշխարհագրական սահմանների փոփոխություն»,- հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին:

Կողմերը մտահոգված են, որ Իրաքի քրդերի անկախացումը կարող է ամրապնդել անջատողական տրամադրություններն իրենց քրդաբնակ շրջաններում և պատրաստակամություն հայտնել՝ համագործակցել Իրաքի դաշնային իշխանությունների հետ: Երկու երկրներն էլ Իրաքի Քրդստանի շրջանի սահմանների մոտ անցկացրել են ռազմական զորավարժություններ, որոնք ընդգրկել են նաև իրաքյան բանակը:

«Թե՛ Իրանի եւ Թե՛ Թուրքիայի հիմնական նպատակն է խաղաղության, կայունության և անվտանգության հաստատումն ամբողջ տարածաշրջանում։ Իրանի, Թուրքիայի ու Ռուսաստանի համագործակցության, ինչպես նաև քրդական հարցի շուրջ Իրանի, Թուրքիայի ու Իրաքի համագործակցության միջոցներով»,- հայտարարել է Ռոհանին:

«Մենք իհարկե հանրաքվեն անօրինական ենք դիտարկում: Ինչպես գիտեք, Իրանը, Թուրքիան և կենտրոնական Իրաքի կառավարությունը որոշակի քայլեր են ձեռնարկում, սակայն այսուհետ ավելի կտրուկ քայլերի կդիմենք»,- ասել է նախագահ Ռեջեփ Էրդողանը:

Իրանը ի պատասխան քրդական հանրաքվեի նաև դադարեցրել է Իրաքյան քրդերի հետ առևտուրը և հայտարարել, որ թույլ կտա իրաքյան զինված ուժերին իրենց տարածքով ներթափանցել քրդական շրջան: Թուրքիան իր հերթին սպառնացել է փակել ցամաքային սահմանը և դադարեցրել է Իրաքյան Քրդստանից նավթի արտահանումը թուրքական Ջեյհան նավահանգստի միջոցով:

Բացի քրդական հարցից Իրանն ու Թուրքիան համակարծիք էին վերջերս Պարսից ծոցում Քաթարի հետ կապված ճգնաժամի հարցում՝ հակված լինելով պաշտպանելու Քաթարին:

Մշտապես թշնամական հարաբերություններ ունեցող այս երկրներն այժմ զարգացնում են առևտրային և տնտեսական հարաբերություններ՝ ձգտելով երկկողմ առևտուրը 2018 թվականին հասցնել 30 միլիարդ դոլարի անցած տարվա 10 միլիարդի փոխարեն:

«Ռազմավարական 4-րդ խորհուրդի օրակարգային հարցերից է 30 միլիարդ դոլարին հասնելու շեմը»,- նշել է Էրդողանը:

Դրա հետ մեկտեղ Թուրքիայի ու Իրանի առաջնորդները պայմանավորվել են առևտրային նոր հարաբերությունների շուրջ:

«Մեր տնտեսական հարաբերությունները փոխարժեքի տատանումներից պաշտպանելու համար մենք որոշել ենք առևտուր իրականացնել սեփական արժույթով»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը:

Երկու երկրների միջև հարաբերությունները զգալիորեն տարբերվում են նախկինում եղած հարաբերություններից: 2015 թվականին Թեհրան այցի նախօրեին, Էրդողանի արած հայտարարությունը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել Իրանում: Այդ ժամանակ Էրդողանը Իրանին մեղադրել էր տարածաշրջանում գերիշխանություն հաստատելու փորձի մեջ՝ պահանջելով դուրս բերել իրանյան զորքերը Իրաքից ու Սիրիայից:

Թուրքիայի նախագահը հանդիպել է նաև Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին: Վերջինս Էրդողանի հետ հանդիպումից հետո նշել է, որ Թուրքիան և Իրանը պետք է կանխեն Իրաքի Քրդստանի շրջանի անկախության հռչակումը:

Facebook Forum

XS
SM
MD
LG