Հարյուրավոր քրդեր ժամանել են հյուսիսային Սուլայմանյա քաղաքը՝ քրդերի նախկին առաջնորդ և Իրաքի նախկին նախագահ Ջալալ Թալաբանիի հիշատակը հարգելու համար, ով մահացել էր երեքշաբթի օրը:
«Մենք այստեղ ենք այսօր եկել՝ հարգելու նախագահ Ջալալ Թալաբանիի հիշատակը: Թալաբանի ընտանիքի անունից ուզում ենք շնորհակալություն հայտնել բոլորին, ով ժամանակ է գտել գալու և հարգանքի տուրքը մատուցելու նախագահի հիշատակին: Թալաբանիի մահը միայն իր ընտանիքի կորուստը չէ, այլ այն կորուստ է ամբողջ Իրաքի ժողովրդի և Մերձավոր Արևելքի համար»,- ասել է նախագահ Թալաբանիի ազգական Ռանջ Թալաբանին:
Թալաբանին 83 տարեկան էր: Իր կյանքի տասնյակ տարիներ նա նվիրել էր քուրդ ժողովրդի անկախության համար պայքարին, սակայն նախագահ դառնալուց հետո պայքարում էր Իրաքի միասնության պահպանման համար:
Նա մահացել է Գերմանիայում քրդական անկախության հանրաքվեից մեկ շաբաթ անց: Հանրաքվեն չէր ճանաչվել Իրաքի ու հարևան երկրների կողմից:
Իր կյանքի ընթացքում Թալաբանին վերապրել է պատերազմներ, արտաքսում և սուր քաղաքական պայքար քրդական խմբավորումների միջև: Նա դարձել է Իրաքի առաջին ոչ արաբ նախագահը 2005 թվականին՝ Սադամ Հուսեյնի տապալումից հետո:
Չնայած Իրաքի նախագահի պաշտոնն ավելի շատ արարողակարգային բնույթ է կրում՝ Թալաբանին օգտագործում էր իր ամբողջ ներուժն ու ազդեցությունը՝ միջնորդություն իրականացնելով Իրաքի կրոնական և էթնիկ տարբեր խմբերի միջև: Նա այդ պաշտոնում մնաց մինչև 2014 թվականը:
Չնայած նախագահի պաշտոնում նրա ջանքերին, ուղղված Իրաքի միասնության պահպանմանը, քրդերի շրջանակում նա մեծ հարգանք էր վայելում՝ մշտապես պայքարելով հյուսիսում ինքնավար քրդական շրջանի շահերը պաշտպանելու համար:
Facebook Forum