Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահն ու առաջին տիկինը՝ Պուերտո Ռիկոյում


Տասներեք օր անց այն բանից հետո, երբ Մարիա ծովամրրիկը հարվածեց ԱՄՆ-ի կազմի մեջ մտնող Պուերտո Ռիկոյին, նախագահ Դոնալդ Թրամփը եւ երկրի առաջին տիկինը ժամանեցին այստեղ։

Նախագահը հանդիպում ունեցավ Սան Հուանի քաղաքագլուխ Քարմեն Քրուզի հետ, որը նախագահին մի քանի անգամ է քննադատել ծովամրրկից հետո։ Հանդիպեց նաեւ կառավարիչ Ռիկարդո Ռոսելոյին, որը նրան երբեք չի քննադատել ու գովեստի խոսքեր ասաց վերջինիս հասցեին։

Նա նաեւ գովասանքով խոսեց բոլոր նրանց մասին, հատկապես՝ զինվորականների, որոնք առաջինը սկսեցին փրկարարական աշխատանքները։ Թրամփն այնուհետեւ համեմատեց 2ՕՕ5 թվականին Լուիզինային հարվածած Քաթրինա ու վերջին՝ Մարիա ծովամրրիկների հասցրած կորուստները։

՝՝Քաթրինայի ժամանակ հարյուրավոր ու հարյուրավոր մարդիկ զոհվեցին։ Ու եթե համեմատում եք այդ թվերը Մարիա ծովամրրկից զոհվածների թվի հետ, երբ Մարիան շատ ավելի հզոր էր, քան Քաթրինան, կտեսնեք, թե որքան մեծ է տարբերությունը՛՛, ասաց նա։

Թրամփը նաեւ հայտարարեց, թե Պուերտո Ռիկոյի փրկարարական աշխատանքները հեշտությամբ չեն կազմակերպվել։ ՝՝Չէի ուզենա սա ձեզ ասել, սակայն Պուերտո Ռիկոն մեծ բյուջեին մեծ վնասներ է հասցրել։ Մենք մեծ գումարներ ենք ծախսել Պուերտո Ռիկոյի համար։ Բայց մենք մեծ թվով մարդկանց կյանք ենք փրկել՛՛։

Պուերտո Ռիկոյում գլխավոր ճանապարհները մաքրվել են փլատակներից, սակայն մեծաթիվ բնակիչներ դեռեւս մեծ դժվարությունների առջեւ են կանգնած խմելու ջուր հայթայթելու հարցում։ Զգացվում է բնական գազի պակաս։ Չկան կենսական նշանակություն ունեցող այլ պարագաներ։ Մեծաթիվ մարդիկ մնացել են անօթեւան։

Ինչպես քաղաքացիներից Ջոյլին Քոլոնն է ասում, վերականգնողական գործընթացը շատ դանադաղ է ընթանում։ ՝՝Ոչ գազ ունենք, ոչ՝ ջուր, ոչ էլ՝ լույս՛՛, ասում է նա։

Նախագահ Թրամփը հորդորում է տեղի իշխանություններին արագացնել նավահանգիստներից բնակիչներին ուղարկված օգնությունը բաշխելու աշխատանքները։

Այցի ընթացքում նախագահն ու առաջին տիկինը մասնակցել են օգնությունը բաշխող աշխատանքների։

Facebook Forum

XS
SM
MD
LG