Միացյալ Նահանգների պահանջով, շուտով Կուբան ստիպված կլինի նվազեցնել Վաշինգտոնում իր դեսպանության աշխատակիցների թիվը: Այս մասին տեղեկացնում են Թրամփի վարչակազմի մոտ կանգնած աղբյուրները:
Այս տեղեկությունը հաջորդել է մեկ շաբաթ առաջ Հավանայում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության կրճատման փաստին, որը իրականացվեց ամերիկյան դիվանագետների նկատմամբ մի շարք անբացատրելի հարձակումներից հետո, որի արդյունքում ամերիկացի դիվանագետները ձեռք բերեցին առողջական խնդիրներ:
Հիշեցնենք, որ առնվազն 21 ամերիկացիներ ձեռք են բերել առողջական խնդիրներ Կուբայում, որոնց արդյունքում գրանցվել են լսողության ու գիտակցության կորուստ, ուժեղ գլխացավեր, հոգեկան շեղումներ և այլ տեսակի առողջական խնդիրներ:
Առողջական խնդիրներ են ունեցել նաև կանադական մի շարք դիվանագետներ և նրանց ընտանիքների անդամներ:
Նման միջադեպեր առաջին անգամ գրանցվել են անցած տարվա վերջին, իսկ վերջին նման միջադեպը՝ այս տարվա օգոստոսին:
Այս պահին ԱՄՆ-ը դեռևս ուղիղ մեղադրանքներ չի ներկայացրել Կուբայի իշխանություններին՝ ամերիկացիների դեմ հարձակումներ իրականացնելու վերաբերյալ, սակայն խնդրել է կուբացի երկու դիվանագետների այս տարվա մայիսին լքել Միացյալ Նահանգները՝ պատճառաբանելով, որ Կուբան իր հերթին չի ապահովել ամերիկացի դիվանագետների անվտանգությունն իր հողում:
Կուբան հերքում է որևէ ներգրավվածությունը նման հարձակումների մեջ և հայտարարում, որ լիովին համագործակցում է ամերիկյան հետաքննող մարմինների հետ այս հարցի շուրջ:
Facebook Forum