Կրեմլը նախազգուշացրել է Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնու կողմնակիցներին զերծ մնալ չթույլատրված հանրահավաքներ անցկացնելու գաղափարից՝ ընդգծելով, որ նման միջոցառման կազմակերպիչները կենթարկվեն պատասխանատվության:
Միևնույն ժամանակ Ռուսաստանի դատարանն Ալեքսեյ Նավալնուն երրորդ անգամ դատապարտել է կարճաժամկետ կալանքի՝ կանխելով ընդդիմադիր ուժերի 2018 թվականի նախագահական ընտրություններից առաջ իշխանությունների դեմ քարոզարշավ սկսելու փորձերը:
Դա նշանակում է, որ Ալեքսեյ Նավալնին չի մասնակցի հոկտեմբերի 7-ի բողոքի ցույցին Սանկտ Պետերբուրգում:
«Նրանք կրկին ինձ անօրինական կերպով դատապարտում են 20 օրյա կալանքի: Չեմ հասկանում, թե դա իրականում ինչ է նշանակում՝ դա Պուտինին նվեր է ծննդյան օրվա կապակցությամբ, թե իրենք վախենում են շրջաններում մեր ցույցերից: Կարծում եմ երկուսը: Սակայն կարծում եմ, որ ամենահավանական պատճառը նրանց անպատժելիությունն է և զգացումը, որ ամենակարողն են, ուստի կոչ եմ անում բոլորին շարունակել մասնակցել իմ նախընտրական արշավին: Կոչ եմ անում մասնակցել հոկտեմբերի 7-ի բողոքի ցույցերին ոչ միայն Սանկտ Պետերբուրգում, այլ ամբողջ երկրով մեկ: Մենք դեռևս ունենք ժամանակ ներկայացնելու զանգվածային ցույցեր անցկացնելու մասին դիմումները: Մեր տեղական կառույցները աշխատում են այդ ուղղությամբ, մենք կանենք դա, ուստի կոչ եմ անում դուրս գալ փողոց»,- հայտարարել է Ալեքսեյ Նավալնին:
Սակայն Ռուսաստանի իշխանությունները նախազգուշացրել են, որ չթույլատրված հանրահավաքների կազմակերպիչները կպատժվեն օրենքի խստությամբ:
«Չթույլատրված միջոցառումներ անցկացնելու մասին հանրային կոչերն անօրինական են, և անկասկած այն մարդիկ, ովքեր անում են նման կոչեր կենթարկվեն պատասխանատվության օրենքի խստությամբ»,- նշել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Հոկտեմբերի 7-ը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան տարեդարձն է: Ընդդիմությունը նախատեսում է այդ օրը զանգվածային բողոքի ցույցեր անցկացնել Սանկտ- Պետերբուրգում և այլ քաղաքներում:
Facebook Forum