Ռուսաստանում ԱՄՆ-ի նոր դեսպան Ջոն Հանթսմանը դիվանագիտական իր հավատարմագիրն է հանձնել նախագահ Վլադիմիր Պուտինին Կրեմլում երեքշաբթի օրն անցկացված արարողության ընթացքում։
Յութահ նահանգի նախկին կառավարիչ, փորձառու դիվանագետ Հանթսմանն անցած ամիս էր դեսպանի պաշտոնում հաստատվել Սենատի կողմից։
Նա Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնն է ստանձնում մի ժամանակահատվածում, երբ Կոնգրեսի հանձնաժողովները եւ հատուկ հետաքննիչ Ռոբերտ Մյուլլերը հետաքննում են ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ընթացքի վրա Ռուսաստանի հնարավոր ազդեցության մասին տեղեկությունները։
Հիշեցնենք, որ Մոսկվան հերքում է նման գործունեություն ծավալելու մասին բոլոր մեղադրանքները։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն էլ հերքում է Ռուսաստանի պաշտոնատար անձանց հետ գաղտնի հանդիպումների մասնակցելու մասին մեղադրանքները։
Դեսպանի պաշտոնում Հանթսմանին հաստատելու համար Սենատում անցկացված լսումների ժամանակ վերջինս ասել էր, թե կասկած չկա, որ Ռուսաստանը ցուցաբերել է միջամտություն ընտրությունների ժամանակ։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեքշաբթի օրն ասել է, թե Մոսկվան հույս ունի, որ Դոնալդ Թրամփի նոր դեսպանը կկարողանա նոր շունչ հաղորդել ռուս-ամերիկյան հարաբերություններին։
Facebook Forum