Մատչելի հղումներ

՝՝Կատալոնիան պատրաստվում է հռչակել անկախություն՛՛. Կարլես Պուչդեմոն


՝՝Կատալոնիան պատրաստվում է հռչակել անկախություն՛՛. Կարլես Պուչդեմոն
please wait

No media source currently available

0:00 0:03:10 0:00

Իսպանիայի կազմի մեջ մտնող Կատալոնիայի մարզի առաջնորդ Կարլես Պուչդեմոնը հայտարարեց, որ մարզը կիրակի օրն անցկացված հանրաքվեի արդյունքում ստացել է անկախ հանրապետություն հիմնելու իրավունք։ Կատալոնիայի ղեկավարներն ու ժողովրդի մեծամասնությունը գտնում են, որ բացվել են միակողմանի կերպով անկախություն հռչակելու դռները։

Անկախության հանրաքվեին, որի ընթացքը մեծապես խոչընդոտում էր Իսպանիայի կենտրոնական կառավարությունը, նույնիսկ դիմելով ոստիկանական ուժի, մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 5 միլիոն 3ՕՕ հազար քաղաքացիներից 2 միլիոն 2ՕՕ հազարը։ Նրանց 9Օ տոկոսը քվեարկել է հանուն անկախության։ Կատալոնիայի կառավարության խոսնակն ասել է, թե ավելի քան 75Օ հազար քվե չի հաշվվել, քանի որ մի շարք ընտրատեղամասեր գրավված են եղել կենտրոնական կառավարության ոստիկանական ուժերի կողմից։

Պուչդեմոնը հայտարարել է, որ եկող մի քանի օրերի ընթացքում հանրաքվեի արդյունքները կուղարկվեն մարզային խորհրդարան, որը, ըստ նրա, ՝՝կգործի հանրաքվեի մասին օրենքներին համապատասխան՛՛։
Հիշեցնենք, որ մինչ այդ Իսպանիայի սահմանադրական դատարանն արգելել էր հանրաքվեն, իսկ երկրի վարչապետ Մարիանո Ռահոյը՝ հայտարարել, թե ՝՝կատալոնացիները հայտնվել են անօրինական հանրաքվե անցկացնելու խաբկանքի մեջ՛՛։

Ի դեպ, որքան ուժեղ էր հակադրվում Իսպանիայի կենտրոնական կառավարությունը, այնքան ավելի էր մեծանում անկախությանը կողմ քվեարկելու ցանկություն ունեցողների թիվը։ Կատալոնիայի ավելի քան 4Օ արհմիություններ ու ընկերակցություններ, բողոքելով ՝՝իրենց ազատություններն ու իրավունքները ոտնահարելու փաստի դեմ՛՛, հանդես են եկել երեքշաբթի օրը գործադուլներ սկսելու կոչով։ Եվ Իսպանիայի ու Կատալոնիայի միջեւ աստիճանաբար բարդացող հարաբերությունները դեռեւս պարզ չէ, թե ուր հասնելու։ Իսպանիայի կառավարությունը երկուշաբթի օրը բանակցություններ էր անցկացնում քաղաքական կուսակցությունների հետ, որոշելու համար, թե ինչ են անելու անցած տասնամյակների ընթացքում քաղաքական այս ամենախորը ճգնաժամը հարթելու համար։

Կատալոնացիները զայրացած են, որ չնայած աշխարհի որեւէ երկրում իրականացվող բռնություններից հետո Եվրոպական միությունը հանդես է գալիս դատապարտող հայտարարություններով, Կատալոնիայում ոստիկանության կողմից ցուցաբերված բռնություններն արժանանում են Բրյուսելի անտարբերությանը։ Սակայն Եվրոպական միությունը երկուշաբթի օրը հանդես եկավ զգուշավոր ու հավասարակշիռ մի հայտարարությամբ՝ կոչ անելով Իսպանիայի ղեկավարությանը բանակցելու միջոցներ գտնել Կատալոնիայի անջատականների հետ։

Եվրոպական միության զգուշավորությունը հասկանալի է քաղաքական վերլուծաբանների համար, ովքեր նշում են, որ Կատալոնիայի անկախությունը կարող է սպառնալ Միության կազմի մեջ մտնող մյուս այն երկրներին, որտեղ նույնպես կան ծագումնաբանական ու լեզվական տարբերություններից բխող անջատական հակումներ։ Մյուս կողմից, ինչպե՞ս կարող է Եվրոպական միությունը ողջունել կատալոնացիների անկախությունը, երբ այն դեմ է օրինակ, որ քրդերը հիմնեն անկախ պետություն։

Իսպանիայի կառավարությունը սպառնում է վերացնել Կատալոնիայի ինքնավարությունը, մի մարզ, որը պատմության ընթացքում մի քանի անգամ է զրկվել ինքնավարությունից ու ամեն անգամ հետ է ստացել այն։ Իսպանիայի ամենահարուստ այս մարզը ինքնավարության որոշ իրավունքներից վերջին անգամ զրկվել էր 2Օ11 թվականին, որից հետո էր, որ անկախության կողմնակիցները եկան իշխանության եւ մարզը տարան անկախության ուղով, առաջին քայլն իրականացնելով հանրաքվեի եղանակով։

7 միլիոն 5ՕՕ հազար ազգաբնակչություն ու Հայաստանից մի փոքր ավելի տարածք ունեցող Կատալոնիան ունի իր սեփական լեզուն ու մշակույթը ու մինչեւ անկախություն՝ մեծ փորձություններով անցնելու ուղի։

Facebook Forum

XS
SM
MD
LG