Անկարայում Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Էրդողանի միջև հանդիպմանը քննարկվել է Իդլիբի շուրջ անվտանգության գոտու ստեղծման հնարավորությունը, որը զգալիորեն կնպաստի քաղաքացիական պատերազմի դադարեցմանը Սիրիայում:
Հանդիպումից հետո երկու առաջնորդները պատասխանել են լրագրողների հարցերին:
«Փաստորեն ստեղծվել են բոլոր պայմանները Սիրիայում եղբայրասպան պատերազմի դադարեցման, ահաբեկիչների վերջնական վերացման ու խաղաղ կյանքին վերադարձի համար: Այս ամենն անհրաժեշտ է ոչ միայն սիրիական ժողովրդի կամ տարածաշրջանի համար միայն, այլ նաև ամբողջ աշխարհի: Մենք նաև ստեղծում ենք բոլոր պայմանները փախստականների վերադարձի համար»,- հայտարարել է Պուտինը:
Այս համաձայնությունը կարևոր քայլ է քաղաքացիական պատերազմի դադարեցման համար, սակայն փորձագետներն ասում են, որ Անկարայի համաձայնագիրը պարտադիր իրագործման ենթակա չէ:
Միևնույն ժամանակ Ասադին ընդդիմադիր ուժերը հայտարարել են, որ վերջին շավբաթվա ընթացքում ռուսական և սիրիական օդուժի ռմբակոծումների արդյունքում զոհվել է առնվազն 150 քաղաքացի: Շատերը վիրավորվել են: Սոցցանցերում դրա մասին ընդդիմությունը հրապարակել է տեսանյութեր:
ՄԱԿ-ը կոչ է արել դադարեցնել ռմբակոծումները Իդլիբում, սակայն ռուսական կողմը հայտարարել է, որ ռմբակոծման թիրախ են հանդիսանում զինյալներն, այլ ոչ թե քաղաքացիական բնակչությունը:
Facebook Forum