Վաշինգտոնի և Փհենյանի միջև լարվածությունը նվազեցնում է Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հնարավորությունը: Սակայն ԱՄՆ-ը շարունակում է ապավինել դիվանագիտությանը: ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը պատրաստվում է այցելել Չինաստան՝ Հյուսիսային Կորեայի հարցում Պեկինի օժանդակությունը ստանալու և նախագահ Դոնալդ Թրամփի այցը Չինաստան նախապատրաստելու համար:
«Մենք նախապատրաստվում ենք նախագահ Թրամփի կարևոր այցին Չինաստան, ուստի ցանկանում ենք քննարկել այցի օրակարգը, իսկ այնուհետև կքննարկենք բազմաթիվ այլ հարցեր, ներառյալ Հյուսիսային Կորեայի խնդիրը»,- ասել է պետքարտուղարը:
Չինաստանը Հյուսիսային Կորեայի համար մեկ առևտրային գործընկերն է: Վաշինգտոնը պնդում է, որ Պեկինի օժանդակությամբ հնարավոր կլինի փակել կանխիկ դրամի հոսքը Փհենյան:
Սակայն ասիական հարցերով փորձագետ, Բուշի և Ռեյգանի վարչակազմերի նախկին պաշտոնյա Դուգլաս Փաալն ասում է, որ Չինաստանի ազդեցությունը Հյուսիսային Կորեայի վրա սահմանափակ է:
«Հյուսիսային Կորեան դժկամությամբ է հետևում Պեկինի ցուցումներին: Այն Չինաստանից կստանա այն ամենն, ինչ հնարավոր է, սակայն այն Չինաստանի կույր գործիքը չէ, ուստի եթե ցանկանում ենք առաջ շարժվել, անհրաժեշտ է բոլոր խնդիրները քննարկել անմիջապես Հյուսիսային Կորեայի հետ»,- նշում է Փաալը:
Հարավային Կորեան իր հերթին օրերս հայտարարել էր, որ չնայած ժամանակի պակասին, դիվանագիտական ջանքերը շարունակում են մնալ արդիական: Թիլերսոնի այցին նախորդել էր ԱՄՆ-ի առևտրի նախարար Ուիլբուր Ռոսի այցը, ով այցի ընթացքում ընդգծել էր, որ Չինաստանը պետք է արդարացի վերաբերվի ամերիկյան ընկերություններին:
Չինաստան իր այցից առաջ Թիլերսոնը հանդիպել է Չինաստանի փոխվարչապետի հետ: Հանդիպմանը քննարկվել են հետագա համագործակցության հետ կապված հարցեր, ինչպես նաև կրթական ծրագրեր: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև կրթության նախարար Բեթսի Դևոսը:
Facebook Forum