Մատչելի հղումներ

Հարկային բարեփոխումները հանրապետականների վերջին հնարավորությունն է


Սենատում հանրապետականների առաջնորդ Միչ Մաքքոնելի համար անցած երեքշաբթի օրը չափազանց անբարենպաստ էր: Նախ, չնայած նախագահ Թրամփի ճնշումներին առողջապահական օրինագծի ընդունման համար, հանրապետականներին չհաջողվեց այն անցկացնել ԱՄՆ-ի Սենատում: Բացի այդ, նույն օրը հայտնի դարձավ Մաքքոնելի հավատարիմ դաշնակից Թենեսիի սենատոր Բոբ Քորքերի թոշակի անցման և Ալաբամայի նախնական ընտրություններում Մաքքոնելի մեկ այլ դաշնակից սենատոր Լյութեր Սթրենջի պարտության մասին, որի մրցակիցն էր ծայրահեղ պահպանողական Ռոյ Մուրը:

ԱՄՆ-ի Սենատ Մուրի ընտրվելը ոչ միանշանակ ազդեցություն կարող է ունենալ այստեղ հանրապետականների դիրքերի վրա:

«Նա չի թաքցնում, որ համակարգից դուրս է ու կարող է քննադատել հանրապետական վերնախավին անհրաժեշտության դեպքում: Դա կարող է խնդրահարույց դառնալ Սենատում հանրապետականների առաջնորդ Միչ Մաքքոնելի համար»,- ասում է Մոլի Ռեյնոլդսը Բրուքինգսի հաստատությունից:

Մուրի հաղթանակը նաև յուրօրինակ զգուշացում էր հանրապետականներին:

«Երբ օրենսդիր աշխատանքի ընթացքում չի գրանցվում հաջողություն այնպիսի կարևոր հարցի շուրջ, ինչպիսիք է Օբամաքեյրը, ապա դա չափազանց դժվարեցնում է գործող օրենսդիրների վերընտրվելու հնարավորությունը»,- ասում է հանրապետական կուսակցության հարցերով քաղաքական փորձագետ Ջոն Ֆիհերին:

Այժմ հանրապետականների օրակարգային հարցը հարկային բարեփոխումներն են:

«Սա շատ լավ հնարավորություն է վերջապես հիմնովին վերանայել մեր հարկային օրենսգիրքը: Մենք կարող ենք զարգացնել տնտեսությունը, խրախուսել աճը և նոր աշխատատեղեր ստեղծել»,- ասում է Մաքքոնելը:

Սակայն այս հարցում ևս նրանք հանդիպում են դեմոկրատների հակադրմանը:

«Ասեմ, որ սա չի բխում ամերիկացի ժողովրդի շահերից»,- ասում է դեմոկրատների առաջնորդ Չաք Շումերը:

Հարկային բարեփոխումների փաթեթը կրկին քննության կենթարկի հանրապետականների միասնությունը Սենատում: Սա հանրապետական մեծամասնության վերջին հնարավորությունն է առաջընթաց գրանցել նախագահ Թրամփի օրակարգային հարցերում:

Վերջինս քննադատության է ենթարկել Սենատում հանրապետականներին Օբամաքեյրի չեղարկման օրենսդրական նախաձեռնության տապալման համար և, հավանաբար, կուժեղացնի քննադատությունը, եթե հարկային բարեփոխումները արժանանան նույն ճակատագրին:

Facebook Forum

XS
SM
MD
LG