ԱՄՆ-ի Սենատում հանրապետականները ևս մեկ անգամ հիասթափություն ապրեցին, երբ ստիպված եղան հետաձգել քվեարկությունն իրենց առաջ քաշած առողջապահության մասին օրինագծի վերաբերյալ, քանի որ ակնհայտ էր, որ այն կտապալվի:
«Մենք չենք դադարի ջանք գործադրել՝ ամերիկյան առողջապահական համակարգը փոխելու ուղղությամբ: Մենք չկարողացանք անել դա այս շաբաթ, սակայն դա մեր օրակարգում է»,- հայտարարել է Սենատում հանրապետականների առաջնորդ Միչ Մաքքոնելը:
Քվեարկության տեղափոխման մասին որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ հանրապետական երեք սենատորներ տեղեկացրեցին, որ կքվեարկեն ընդդեմ հանրապետական օրինագծի:
Հանրապետական օրինագծին հակազդում է նաև հանրությունը: Վերջերս բողոքարարների մի խումբ ներս է մտել ԱՄՆ-ի Կոնգրես և ընդհատել Սենատի նիստը:
Դեմոկրատները ևս շարունակում են քննադատել հանրապետականների նախաձեռնությունը:
«Քասիդի-Գրահամ անունով օրենքը առողջապահության համար աղետ կդառնա: Ամերիկյան ժողովուրդը տեսնում է դա և ընդդիմանում դրան, ուստի մեր գործընկերները չունեն որևէ ելք, բացի նրանից, որ հանեն օրինագիծը օրակարգից»,- հայտարարել է Սենատում դեմոկրատների առաջնորդ Չաք Շումերը:
Նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտնել է իր հիասթափությունն այս առիթով:
«Ինչ-որ պահին Օբամաքեյրը հետ կկանչվի ու կփոխարինվի, սակայն կտեսնենք երբ դա տեղի կունենա: Բայց մենք հիասթափված ենք»,- հայտարարել է նախագահ Թրամփը:
Վերլուծաբանների կարծիքով վերջին զարգացումները նախագահ Թրամփի ձախողումն են:
«Նախագահը շատ է խոսել իր կառավարման և բանակցելու ունակությունների մասին, սակայն նախագահ դառնալուն պես առայսօր հաջողություն չի գրանցել»,- ասում է Ջոն Հուդակը Բրուքինգս հաստատությունից:
Այս ձախողումը կարող է նաև իր հետևանքներն ունենալ հաջորդ տարվա ընտրությունների ժամանակ, նշում է վերլուծաբան Բիլ Գալսթոնը:
«Կարծում եմ հանրապետականները մտահոգված են նրանով, որ իրենց ընտրական շրջաններում ընտրողներին չեն կարող ներկայանալ որպես միասնական և իրավիճակը վերահսկող թիմ»,- ասոմ է Գալսթոնը:
Այժմ հանրապետականների առաջնային թեման է հարկային բարեփոխումների փաթեթը, որը ևս նախագահ Թրամփի նախընտրական քարոզարշավի օրակարգային հարցերից էր:
Facebook Forum