Մատչելի հղումներ

Թրամփի արտաքին քաղաքականությունը որոշակիորեն հստակեցված է


Նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանի իր ելույթում անդրադարձավ Հյուսիսային Կորեային՝ վերջինիս առաջնորդին անվանելով «հրթիռային տղա», ով զբաղված է իր և իր վարչակարգի ինքնասպանությամբ:

Նախագահը խոսեց նաև Իրանի մասին՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ը չի կարող թույլ տալ մարդասպան վարչակարգին շարունակել ծավալել ապակայունացնող գործունեություն:

Իր քառօրյա հանդիպումների ընթացքում նախագահ Թրամփը մեծ ջանքեր է գործադրել Մերձավոր Արևելքում խաղաղությանը հասնելու ուղղությամբ՝ բանակցելով բազմաթիվ առաջնորդների հետ:

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի այս նստաշրջանը Թրամփի թիմի համար ինքնադրսևորման փայլուն հնարավորություն էր: Նախագահի բոլոր հանդիպումների ընթացքում նրա կողքին էին ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Հեյլին, ազգային անվտանգության խորհրդական Մաքմասթերն ու փոխնախագահ Փենսը:

Մշտապես այստեղ էր նաև պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, ով դժվարին հանդիպում էր ունեցել Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի հետ, որը Թրամփի ելույթը գնահատել էր որպես ատելություն սերմանող ելույթ:

«Չենք բղավել միմյանց վրա, կոշիկներ չենք նետել: Չկար զայրույթ: Դա իրարից տարբերվող տեսակետների փոխանակում էր միջուկային համաձայնագրի մասին»,- հայտարարել է Թիլերսոնը:

Այս օրերին նախագահ Թրամփը Ճապոնիայի և Հարավային Կորեայի առաջնորդների հետ կողք կողքի հայտարարեց նաեւ Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցների սահմանման մասին:

«Այսօր ես հայտարարում եմ նոր հրամանագրի ստորագրման մասին, որը զգալիորեն կընդլայնի մեր հնարավորությունները թիրախավորելու այն անձանց, ընկերություններին և ֆինանսական կառույցներին, որոնք ֆինանսավորում են առևտուրը կամ զբաղվում դրանով Հյուսիսային Կորեայի հետ»,- հայտարարել է նախագահ Թրամփը:

Վերլուծաբանների կարծիքով այս վերջին դիվանագիտական մարաթոնը զգալիորեն ամրացրեց Թրամփի արտաքին քաղաքականության թիմի դիրքերը: Ըստ American Enterprise Institute հաստատության վերլուծաբան Գարի Շմիթի, այս վերջին զարգացումներն արձանագրում են իրավիճակի փոփոխություն այս ոլորտում:

«Դժվար է կայուն քաղաքականություն վարել, երբ այն խաթարում է նախագահը իր թվիթերյան գրառումների ու հակասական հայտարարությունների միջոցով: Սակայն կարծում եմ սա այն դեպքն է, երբ այս առումով նկատվում է մեծ մասամբ կանոնակարգում»,- ասում է Շմիթը:

Այսպիսով սա նախագահի արտաքին քաղաքականության թիմի առաջին խոշոր քննություններից էր, որը արձանագրեց, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ ուրվագծվում է որոշակի հստակություն:

Facebook Forum

XS
SM
MD
LG